Սիրիայի արտգործնախարարը ժամանել է Իրան

Իրանի մայրաքաղաք է ժամանել սիրիական պատվիրակությունը՝ Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեքդադի գլխավորությամբ։

Իրան կատարած այցի ընթացքում Սիրիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցում են էկոնոմիկայի ու արտաքին առևտրի և կապի ու տեխնոլոգիաների նախարարները, հայտնում է IRNA-ն։

«Բարձր մակարդակի այս պատվիրակության կազմում են արտաքին գործերի և միգրացիայի, արտաքին առևտրի և կապի նախարարները՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի՝ Սիրիա կատարած վերջին այցի ընթացքում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,- տեղեկացրել են Դամասկոսում Իրանի դեսպանությունից։

2023 թվականի մայիսի սկզբին Իրանի նախագահը 13 տարվա մեջ առաջին անգամ աշխատանքային այցով մեկնել էր Սիրիա։ Սիրիայի նախագահ Ասադի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել էր երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հարցը։ Իրանն ու Սիրիան ստորագրել են համագործակցության 14 փաստաթուղթ։