«Եվրոպացիներն հանուն Արցախի». բողոքի լուռ ակցիա Եվրոպայի խորհրդի շենքի դիմաց

Եվրոպական խորհրդի շենքի դիմաց հուլիսի 28-ին տեղի ունեցավ լուռ բողոքի ակցիա, որի հիմնական նպատակն էր Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում առկա հումանիտար աղետի վրա։ Ակցիայի մասնակիցների պահանջը մեկն է՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնել Արցախի ապօրինի շրջափակմանը վերջ տալու համար։

Բողոքի լուռ ակցիան կազմակերպել էր Բելգիայի հայ համայնքը՝ «Եվրոպացիները հանուն Արցախի» համաեվրոպական շարժման շրջանակներում։ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ եվրոպական մի շարք երկրների հայ համայնքների ղեկավարներ հանդիպել են եւ ստեղծել այս շարժումը։ Շարժման առաջին ակցիան տեղի ունեցավ Բրյուսելի Եվրոպական թաղամասում՝ Եվրոպայի խորհրդի եւ հանձնաժողովի աշխատակիցներին ի ցույց «Միջազգային հանրության լռությունը սպանում է մեր երեխաներին», «Երեսուն հազար երեխա սննդից եւ դեղորայքից զուրկ է», «Բացեք Արցախի կյանքի ճանապարհը» կարգախոսներով, Արցախի դատարկված խանութների, մրսող եւ մոմի լույսի տակ մնացած երեխաների լուսանկարներով պաստառներն ավելի քան խոսուն էին։

Ակցիայի մասնակիցները հիշեցրեցին, որ աշխարհը չի կարող աչք փակել անմեղ քաղաքացիների, հատկապես խոցելի ու անպաշտպան երեխաների տառապանքների վրա, որոնք կրում են շրջափակման հետևանքների ողջ ծանրությունը:

Լուռ ակցիայի ընթացքում մի խումբ ծնողներ երեխաների հետ միասին նամակ հանձնեցին՝ ուղղված Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Նամակում Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները խնդրում են ԵՄ ղեկավարներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի դեմ և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու անօրինական շրջափակումը։ Ակցիայի մասնակիցները նաև ընդգծել են միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը, ինչպես նաև Արցախի բնիկ հայ ժողովրդի հրատապ կարիքների բավարարումը։

 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում