Ավստրալիայի մայրաքաղաքի տարածքի օրենսդիր ժողովի անդամները հանդես են եկել ի պաշտպանություն Արցախի ժողովրդի

Ավստրալիայի մայրաքաղաքի տարածքի օրենսդիր ժողովի անդամներ Մայքլ Փեթերսոնը և Փիթեր Քեյնը դարձել են առաջին պատգամավորները, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ժողովրդի, հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

«Այս իրավիճակն այնքան տագնապալի է, որ Արդարադատության միջազգային դատարանը որոշել է հարկադրել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպիսիք են Amnesty International-ը և Human Rights Watch-ը, իրավիճակը հայտարարել են հումանիտար ճգնաժամ և կոչ են արել դադարեցնել շրջափակումը: Մենք պետք է համերաշխ լինենք շրջափակումից տուժած խաղաղ բնակիչների հետ, ուստի ես միանում եմ Կանբերայի հայ համայնքին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել շրջափակումը», – ասել է Փեթերսոնը, ով այս տարվա փետրվարին նամակ է ուղղել Ավստրալիայի արտգործնախարարին՝ կապված Արցախի շրջափակման հետ:

«Լաչինի միջանցքը Արցախի միակ ելքն է դեպի արտաքին աշխարհ, ուստի այս շրջափակման ազդեցությունը բնակիչների վրա հսկայական է։ Այս հարկադիր փակման պատճառով սննդի, վառելիքի, դեղորայքի և էլեկտրաէներգիայի զգալի պակաս կա, ինչը նպաստում է ավերիչ հումանիտար ճգնաժամին», – ասել է Փիթեր Քեյնը:

«Դժվարությունների առջև կանգնած Արցախը հրաժարվում է լռել, ինչպես ուզում է ռազմատենչ բռնապետությունը։ Արցախի համախմբված ժողովուրդը մտադիր չէ հանձնվել, և այս անսասան վճռականությունը խրախուսում է ամբողջ երկրի խորհրդարանականներին պաշտպանել մարդու իրավունքները։ Մենք շնորհակալություն ենք հայտնում պարոն Քեյնին և պարոն Փեթերսոնին համերաշխության համար»,- ասել է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Մայքլ Քոլոքոսյանը։