Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցերի, ինչպես նաև հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Քննարկվել են տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության ադրբեջանա-իրանական պետական հանձնաժողովի համանախագահների վերջին հանդիպումից բխող հարցեր, բարձր է գնահատվել հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրումը, վերջին ամիսներին տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումներն ու միջգերատեսչական շփումները։ Հեռախոսազրույցի ընթացքում հայտարարվել է տնտեսության և տրանսպորտի ոլորտում ձեռք բերված երկկողմ և տարածաշրջանային համաձայնությունների կատարման կարևորության մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Առիթից օգտվելով՝ Բայրամովը Հայաստանին մեղադրել է «քաղաքական մանիպուլյացիաների» մեջ։

Նրա խոսքով՝ հայկական կողմը պետք է վերջ դնի տարածաշրջանում սադրանքներին, հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։