ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն հանդիպել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Փհենյանում հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, հաղորդում է «Կորեայի ձայն» ռադիոն:

«Կիմ Չեն Ընը հաճույքով հանդիպել է պաշտպանության նախարար Շոյգուի հետ և ջերմ ողջույններ փոխանակել նրա հետ։ Բանակցությունների ընթացքում նրանք հիշել են ԿԺԴՀ–ի և Ռուսաստանի միջև բարեկամության խորը պատմության մասին, քննարկել են ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Շոյգուն Կիմ Չեն Ընին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նամակը: Բանակցություններից հետո նրանք նվերներ են փոխանակել և մեկնել «Սպառազինությունների Ցուցահանդես-2023», որտեղ դիտարկել են ԿԺԴՀ-ի զենքի և տեխնիկայի նոր նմուշները, այդ թվում ՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները և դրանց շարժական արձակման կայանքները, տանկերն ու զրահատեխնիկան: