Հումանիտար բեռները դեռ Կոռնիձորում են, սպասում են ՌԴ խաղաղապահների արձագանքին․ Վարդան Սարգսյան

Դեպի Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հումանիտար բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահներից արձագանք ստացվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

«Մենք դիմել ենք ռուս խաղաղապահներին ուղեբեռը տեղափոխելու հարցով, ներկա պահին դեռ պատասխան չունենք, սպասում ենք պատասխանին: Այնպես չէ, որ որոշ ժամանակ առաջ պատասխան եղել է, այս պահին չկա»,-ասաց նա՝ հստակեցնելով, որ Երևանից բեռների դուրս գալու պահին ևս որևէ պատասխան ռուս խաղաղապահներից չի եղել:

Հարցին՝ հայկական կողմը կհամաձայնի՞, որ բեռները Արցախ հասնեն ադրբեջանցիների մեքենաներով, Վարդան Սարգսյանը պատասխանեց. «Հայկական կողմը դիմել էր ռուսական խաղաղապահներին, որ հումանիտար բեռներն իրենք Սյունիքից տեղափոխեն Լեռնային Ղարաբաղ: Թե ինչ զարգացումներ կլինեն հետո, լրացուցիչ կասենք»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը նշեց, որ այս բեռը, բնականաբար, բավարար չէ, և հույս հայտնեց, որ այս բեռն անցնելու հետո այն կլինի հերթականը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 26-ին, առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար մեքենաներ ուղևորվել են Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ 400 տոննա հումանիտար օգնությունը փոխանցել արցախահայությանը։ Մարդասիրական օգնությունը շրջափակված Արցախ է ուղարկվում պետական ծրագրի շրջանակում։

Բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա և 9 տոննա դեղորայք: Ընդհանուր առմամբ 19 բեռնատարներում 1-2 օրվա սպառման սնունդ է:

Բաքուն հումանիտար օգնությունն Արցախի անվանել է սադրիչ գործողություն, մասնավորապես,  Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Ստացված տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 26-ին Հայաստանի կողմից Լաչինի պետական սահմանի անցակետի մուտքի մոտ կազմակերպելով տարբեր մեքենաների կուտակումներ՝ հերթական սադրիչ գործողությունն է ծրագրվում»: