Բաքվում «սադրանք» են որակել Հայաստանից Արցախ հումանիտար օգնության մասին տեղեկությունը

Ադրբեջանում հայկական ԶԼՄ-ների տեղեկություններն Արցախ հումանիտար օգնության շարասյուներ ուղարկելու մասին շտապել են գնահատել որպես «սադրանք»։

Ինչպես տեղեկացրել է Turan-ը, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը «հայկական կողմին կոչ է արել ձեռնպահ մնալ նման գործողություններից, որոնք հետապնդում են սադրանքի նպատակ և ծառայում են իրավիճակի սրմանը»։ «Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ամբողջ պատասխանատվությունը հնարավոր սադրիչ գործողությունների համար լիովին և ամբողջովին կընկնի հայկական կողմի վրա»,- ասված է պետական սահմանապահ ծառայության հայտարարությունում։

Հիեցնենք, որ Արցախի աղետալի իրավիճակի մասին նախօրեին հայտարարել էր նաեւ ԿԽՄԿ-ն՝ Երեւանին եւ Բաքվին կոչ անելով գնալ հումանիտար կոնսենսուսի եւ թույլ տալ կազմակերպությանն աշխատել։ Այսօր ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Եվրամիությունը լրջորեն է վերաբերվում ԿԽՄԿ նախազգուշացումներին։