ՀՀ ԱԳ փոխնախարարը դիվանագետներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Հուլիսի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Մնացական Սաֆարյանն իր խոսքում նշել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակումը և հումանիտար մատակարարումների դադարեցումը, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, հանգեցրել է պարենի, դեղորայքի, վառելիքի և կենսական նշանակության այլ ապրանքների սուր պակասի:

Մնացական Սաֆարյանը նշել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի աշխատանքային խմբի կողմից որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղ առաքել առաջին անհրաժեշտության հումանիտար բեռների շուրջ 360 տոննա խմբաքանակ: Կարևորվել է միջազգային հանրության հստակ ազդակն Ադրբեջանին՝ կատարելու ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով ապահովման վերաբերյալ:

Հանդիպման ավարտին դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և միջազգային կառույցների ներկայացուցիչները կատարել են ԱԳՆ շենքի հարակից հատվածում կայանված հումանիտար շարասյան շրջայց՝ ծանոթանալով հումանիտար բեռների խմբաքանակում ներառված ապրանքատեսակներին: