ԱՄՆ-ը կոչ է արել Ադրբեջանին պաշտպանել մարդու իրավունքները իր իսկ սահմանադրության համաձայն

ԱՄՆ-ը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության նախագահ Գուբադ Իբադօղլուի ձերբակալության հետ կապված իրավիճակին, տեղեկացրել է «Թուրան»-ը։

«Մենք ուշադիր հետևում ենք Գուբադ Իբադօղլուի ձերբակալությանը։ Միացյալ Նահանգները նախկինի պես հավատարիմ է մարդու իրավունքների և հիմնական ազատությունների հարգման սկզբունքներին»,- ասել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը մամուլի համար տված ամենօրյա ճեպազրույցում։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պաշտպանել մարդու իրավունքները և իր քաղաքացիների, այդ թվում Գուբադ Իբադօղլուի հիմնական իրավունքները՝ Ադրբեջանի սահմանադրության և միջազգային պարտավորությունների համապատասխան»,- ավելացրել է Միլլերը։

Իբադօղլուն Ադրբեջանի դեմոկրատիայի և բարօրության կուսակցության նախագահն է, հեղինակավոր տնտեսագետ (մինչև վերջերս աշխատում էր Ռուտգերսի համալսարանում), նա կալանավորվել է հուլիսի 23-ին դրամանենգության մեղադրանքով, այն բանից հետո, երբ ոստիկանությունը հայտարարել է, որ Բաքվի նրա բնակարանում, որտեղ նա չի ապրել, հայտնաբերվել են 40 000 դոլարի կեղծ թղթադրամներ։

Իբադօղլուն, որը վերջերս է վերադարձել Ադրբեջան՝ արտասահմանում երկար տարիներ գտնվելուց հետո, անցած ամիս վտարանդիության մեջ գտնվող մի քանի այլ ադրբեջանցի նշանավոր քաղաքական գործիչների և ակտիվիստների հետ միասին հայտարարել էր Լոնդոնում ադրբեջանցի երիտասարդության կրթական ֆոնդի ստեղծման մասին։ Ադրբեջանի կառավարությունը նրան մեղադրել է նաև Ֆեթհուլա Գյուլենի ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, ինչը շատերն անհեթեթ պնդում են համարում։