Ստեղծվել է «Արցախի անվտանգության և զարգացման հայաստանյան հարթակ»

Հասարակական, քաղաքական, փորձագիտական տարբեր շրջանակների մասնակցությամբ շուրջ մեկ ամիս տևած քննարկումների արդյունքում ձևավորվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հայաստանյան հարթակը, ընդունվել է նաև հարթակի հռչակման մասին հայտարարությունը: Այս մասին հայտնում են «Արցախի անվտանգության և զարգացման  ճակատ» շարժման հանրային կապերի բաժնից։

Օրերս կայացած հանդիպման ընթացքում մասնակիցները, մեծապես կարևորելով հարթակի ձևավորումը Արցախի համար այս դժվարին փուլում, նշել են, որ հարթակի նպատակն է՝
1. Արցախի Հանրապետության շուրջ միավորել տարբեր քաղաքական ուժերի, կազմակերպությունների, նախաձեռնությունների և անհատների, համադրել նրանց ջանքերը,
2. Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ ներգրավել Սփյուռքի ներուժը, միջազգային ասպարեզում իրականացնել իրավիճակի իրազեկման և տագնապի հնչեցման գործողություններ,
3. Ստեղծված գոյաբանական ճգնաժամի պայմաններում մշակել Արցախի անվտանգային և զարգացման համապարփակ ծրագիր /ճանապարհային քարտեզ/՝ առանցքում ունենալով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը,
4. Աջակցել Արցախի զարգացման և անվտանգության ճակատի գործունեությանը,
5. Գեներացնել Հայաստանի, Արցախի և հայկական աշխարհի հետպատերազմյան վերականգնման գաղափարներ:

Շարժման հայաստանյան հարթակի ձևավորումը Ստեփանակերտից ողջունել են «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը և Շարժման անդամները՝ այն կարևոր քայլ համարելով Արցախի շուրջ հայության միավորման, ուշադրությունը Արցախի վրա կենտրոնացնելու առումով:

Հարթակի համադրող Թևան Պողոսյանը նշել է, որ այս հարթակը բոլորին հնարավորություն է տալու համախմբվել Արցախի հարցի շուրջ՝ ընդգծելով, որ շարժումը բաց է նոր գաղափարների և նախաձեռնությունների համար:

Կառույցը բաց է մասնակցության համար բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են միավորվել ՀԱՅԿԱԿԱՆ, ԱԶԱՏ և ԱՆՎՏԱՆԳ ԱՐՑԱԽ ունենալու գաղափարի շուրջ:

Հարթակին միանալու համար կարելի է դիմել [email protected] էլեկտրոնային հասցեին:

«ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՐԹԱԿԻ»
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«2023թ. մայիսին, Արցախի ճակատագրով մտահոգ կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ, վեր կանգնելով կուսակցական և անձնական շահերից, Ստեփանակերտում ձևավորեցին «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը՝ նպատակ ունենալով դիմագրավել Արցախում ստեղծված գոյաբանական սպառնալիքները, կառավարման ու հումանիտար խորացող ճգնաժամերը, մշակել Արցախի անվտանգության ու զարգացման նոր ռազմավարություն։

Հայաստանի, Արցախի և Հայկական աշխարհի հետպատերազմյան վերականգնման գաղափարներ գեներացնելու, տարբեր քաղաքական ուժեր, կազմակերպություններ, նախաձեռնություններ և անհատներ միավորելու և նրանց ջանքերը համադրելու, ինչպես նաև «Արցախի զարգացման և անվտանգության ճակատի» գործունեությանն աջակցելու նպատակով՝  նախաձեռնող խումբը հայտարարում է հայաստանյան հարթակի ձևավորման մասին։

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հայաստանյան հարթակը» ՀԱՅԿԱԿԱՆ, ԱԶԱՏ և ԱՆՎՏԱՆԳ ԱՐՑԱԽԻ գաղափարի շուրջ ձևավորվող համախմբում է, որը միավորում է  քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների:
Հարթակը, համախմբելով հայության տարբեր հատվածների, հանրային, քաղաքական, հոգևոր, մասնագիտական շրջանակների, ծառայելու է Արցախի Հանրապետությունը հայկական պահելու, նրա ամբողջականությունն ու սուբյեկտայնությունն ապահովելու գերխնդրին՝ համոզումով, որ արցախահայության ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի:

2020թ. սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված անվտանգային սպառնալիքները, Ադրբեջանի շարունակական ռազմատենչ, ցեղասպանական վարքագիծը, Արցախի Հանրապետության լիակատար շրջափակումը, վատթարացող սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական բարդ իրավիճակը, ՀՀ իշխանությունների վարած անհամարժեք արտաքին և ներքին քաղաքականությունը պահանջում են համազգային ներուժի համախմբում՝ հանգուցալուծելու Հայաստանի և Արցախի առջև ծառացած գոյաբանական խնդիրները:

Մենք ՝ նախաձեռնող խմբի անդամներս,
Կոչ ենք անում Հայաստանի և Սփյուռքի բոլոր անհատներին, կազմակերպություններին, միավորումներին և նրանց ներկայացուցիչներին,  ովքեր կիսում են հայտարարված գաղափարները, գիտակցում են իրենց պատասխանատվությունը Հայոց պետականության և Հայրենիքի հանդեպ, ովքեր հանձնառու են իրենց կարողություններն ու ներուժը ուղղել ծառացած մարտահրավերների լուծմանը՝ միանալ հարթակի ձևավորմանը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Սահմանադրությունները:

ՀԱՐԹԱԿԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
1. Արցախի Հանրապետության շուրջ միավորել տարբեր քաղաքական ուժերի, կազմակերպությունների, նախաձեռնությունների և անհատների, համադրել նրանց ջանքերը,
2. Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ ներգրավել Սփյուռքի ներուժը, միջազգային ասպարեզում իրականացնել իրավիճակի իրազեկման և տագնապի հնչեցման գործողություններ,
3. Ստեղծված գոյաբանական ճգնաժամի պայմաններում մշակել Արցախի անվտանգային և զարգացման համապարփակ ծրագիր /ճանապարհային քարտեզ/՝ առանցքում ունենալով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը,
4. Աջակցել Արցախի զարգացման և անվտանգության ճակատի գործունեությանը,
5. Գեներացնել Հայաստանի, Արցախի և հայկական աշխարհի հետպատերազմյան վերականգնման գաղափարներ»։