Ալիևը «դուխովից» պահանջում է թղթի վրա ամրագրել Արցախի հանձնումը, մինչև վերջ ոչնչացնել նախկինների դիվանագիտական ձեռքբերումը

Հայաստանի նախկին իշխանությունների կողմից դիվանագիտական ճակատում տարած հսկայածավալ աշխատանքի շնորհիվ հայկական երկու հանրապետությունների` Հայաստանի ու Արցախի  անվտանգությունը հուսալի ձեռքերում էր։ Շնորհիվ նախկինների խորամիտ քաղաքականության՝  խաղաղ ու անվտանգ էր ողջ տարածաշրջանը: Դրան մեծապես նպաստում էր վերջին  տարիներին դաշնակից երկրների` Հայաստանի ու Ռուսաստանի միջև  կնքված բազմաթիվ պայմանագրերը․ դրանք ուղղված  էին ռազմաքաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում համագործակցության խորացմանը, երկու երկրի տարածքային ամբողջականության պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը:

Սակայն խաղաղ, անվտանգ Հայաստանի ու Արցախի գոյությունը ձեռնտու չէր թե՛ մեր վաղեմի թշնամիներին` Թուրքիային ու Ադրբեջանին, թե՛ արևմտյան այն ուժային կենտրոններին, որոնց համար անընդունելի էր ՌԴ ռազմական  ներկայությունը Հարավային Կովկասում: Իրավիճակը փոխելու, 30 տարիների ձեռքբերումներն  ամբողջովին զրոյացնելու նպատակով Հայաստանում իրականացվեց «թավշյա իշխանափոխություն»։

Օրերս Agence France-Presse-ին տված հարցազրույցում Փաշինյանն ասում է, թե իր վարչապետության 5 տարիների ընթացքում «ընդամենը մեկ, երկու, մաքսիմում երեք օր է եղել, որ հրադադարի ռեժիմի խախտում տեղի չի ունեցել»։ Սա խոստովանություն էր այն բանի, որ այս Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված  իրավիճակն իր կողմից վարվող անխոհեմ, ապաշնորհ, պատերազմաբեր քաղաքականության հետևանք է։

Այսօր Փաշինյանը որքան շատ է խոսում տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան բացելու» և «խաղաղության պայմանագիր» ստորագրելու մասին, այնքան և’ տարածաշրջանում է ավելանում  աշխարհաքաղաքական լարվածությունը, և’ մեծանում է Արցախի հայաթափման վտանգը, և՛ Հայաստանը կանգնում է նոր պատերազմի առաջ:

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԼՍԵՑ ԻՐ «ԲԱՐԵԿԻՐԹ» ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ «ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՆԵՐԸ»

2018-ի չարաբաստիկ իշխանափոխությունից  հետո, ՀՀԿ-ի հայտնի գործիչներն արտահայտում էին իրենց անհանգստությունը, մտավախությունն առ այն, որ  Փաշինյանը կարող է մսխել Արցախի, Հայաստանի անվտանգային ողջ ռեսուրսը, ինչը   ձեռք է բերվել հայ ժողովրդի հերոս զավակների թափած արյան, կրած զրկանքների գնով։ Ու չնայած «քայլիստները» «թավշյա» էյֆորիայի մեջ դիմում էին ամեն տեսակ անմարդկային գործողությունների, կիրառում տարատեսակ տեխնոլոգիրաներ`  փորձելով հոգեբանորեն ներազդել հեռացող իշխանության վրա, (հիշենք` ՀՀԿ-ական պատգամավորների բնակարանների դռներն էին կոտրում` խոստանում դաժան հաշվեհարդար տեսնել «թավշյա հեղափոխությանը» հակադրվող  «հակահեղափոխականների» հետ, ՀՀԿ-ականների պատկերներով դագաղներ էին  պտտեցնում քաղաքով մեկ, սպառնում անգամ նրանց երեխաներին վնասել), բայց այդ ամենով հանդերձ, ՀՀԿ փորձառու գործիչները պատրաստակամ էին Արցախի հարցում իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու, օգնելու և օժանդակելու «քայլած նորեկներին», բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն փոխանցել վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանին։ Միայն թե նա հանկարծ չսայթաքի, չվնասի Արցախը, չփոշիացնի տարիների բանակցային ահռելի աշխատանքը:

Սակայն հաղթանակի էյֆորիայի մեջ Նիկոլը մերժում էր բոլորին: Իսկ հետո պարզվեց, որ արցախյան բանակցային փաթեթին ծանոթանալու համար նա  ոչ թե դիմել էր ՀՀ երեք նախագահներին, այլև լսել իր «բարեկիրթ» գործընկերոջ «կոնսուլտացիաները»: Եվ փաստորեն, Ալիևն էլ դարձավ Փաշինյանի ուղղորդողն ու հրահանգիչը, իսկ վերջինս` Արցախի մասին ադրբեջանական թեզեր տարածող ամենաակտիվ գործիչը՝ անգամ առաջ անցնելով ադրբեջացի շատ պաշտոնյաներից: Ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհով մեկ նա սկսեց շրջանառել ադրբեջանական  կեղծ ու հակահայկական թեզեր: Բանակցությունները «զրո կետից» սկսելու մասին իր կասկածելի  հայտարարությունից  կարճ ժամանակ անց հայկական կողմի դիվանագիտական ձախողումները սկսեցին հաջորդել մեկը մյուսին՝ մինչև հայկական շահերի ամբողջական զրոյացում:

Վերջերս Բրյուսելում կայացած՝ Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից 5 օր անց ահա թե ինչ է խոստովանում Փաշինյանը կառավարության նիստում.  «Բանակցությունները, ցավոք Լաչինի միջանցի բացման ու ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով  որևէ կոնկրետ արդյունք չտվեցին: Եվ ես չեմ կարող կոնկրետ արդյունքներ ներկայացնել»։ Ի՞նչ է ստացվում, անարդյունավետ բանակցություններից խոսում է մեկը, որը 44-օրյա պատերազմի օրերին՝ իրեն «գերագույն գլխավոր» հայտարարած, ԱԺ ամբիոնից մատը թափահարելով սպառնում էր` «Ինչ կուզենք, էդ էլ կբանակցենք, թող ոչ ոք չասի, թե ի՞նչ ենք բանակցում»: Իսկ այսօր այդ «դուխով» բանակցողը, տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» բացողը խոստովանում է, որ Բրյուսելում դրական արդյունք չի գրանցել:

Փաշինյանը բանեցնում է իր հերթական կեղտոտ տեխնոլոգիան` համաձայնեցված խաղը «բարեկիրթ» գործընկերոջ` Ալիևի հետ: Երևանից ինքն է խոսում ձախողված  բանակցություններից, ժողովրդին հուսահատեցնում, և որպես իրավիճակից ելք՝ մատնանշում չարաբաստիկ «խաղաղության պայմանագրի» ստորագրման անհրաժեշտությունը։ Իսկ օկուպացված Շուշիից Ալիևն է հոխորտում ու «դուխովից» պահանջում. «Կրկնիր մեր բառերը՝ Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»:

Հետաքրքիր է, որ այս հոխորտանքների հետ մեկտեղ Ալիևը նաև անկեղծանում է`  ասելով․ «Միջազգային դերակատարներից ոչ մեկ, որը հիմա ասում է Ղարաբաղն Ադրբեջան է, երբեք չեն ասել դա նախկինում, երբեք: Երբ խոսքը Ադրբեջանի մասին էր, նրանք ասում էին, որ մենք պետք է ընդունենք ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության հետ միասին: Հիմա իրավիճակն այլ է…»: Սրանով Ադրբեջանի նախագահն ակամա բացահայտեց «հարբեցող ծաղրածուի» գլխավոր ստերից մեկը, թե նախկիններն են ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, թե մինչ իր իշխանության գալը ամբողջ աշխարհն է ընդունել Արցախը որպես Ադրբեջանի մաս: Թշնամական երկրի ղեկավարը ինքը խոստովանեց՝ նման բան չի եղել։ Ի դեպ, հիշենք նաև նույն Ալիևի՝  2016-ին արած խոստովանությունը, թե փակ դռների հետևում իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը։ Այս փաստերն անտեսելով,   Փաշինյանը շարունակում է հայ ժողովրդին մոլորեցնել, թե՝ միջազգային հանրությունն է իրեն ստիպել Արցախի հարցով իջեցրել նշաձողը:

Իրականությունն այն է, որ ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանք է: Նիկոլն է հանձնել Արցախը Ադրբեջանին, Նիկոլի   ջանքերով է, որ Հայաստանն այսօր դադարել լինել աշխարհաքաղաքական գործոն, Նիկոլն է մեր երկիրը վերածել մի տարածքի, որտեղ տարբեր պետություններ լուծում են իրենց հարցերը`Հայաստանի ու Արցախի հաշվին: Աշխարհաքաղաքական շահերը միշտ էլ բախվել են Հարավային Կովկասում, բայց եթե նախկինում  Հայաստան պետության ղեկին հայկական շահերով առաջնորդվող ղեկավարներ էին`Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ապա ներկայումս հայոց ղեկը օտարին ծառայող խամաճիկի, հակահայի, դավաճանի ձեռքում է:

 «ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ, ԿԱՆԳՆԵՑՐԵՔ ԱՐՀԱՎԻՐՔԸ, ՎԱՂԸ ԿԱՐՈՂ Է ՈՒՇ ԼԻՆԵԼ»

Որպես արցախյան հարցի վերջին բանակցող, որպես նախկին գործընկեր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝  տեղեկացնելով, որ պետության ընկալման հետ որևէ աղերս չունեցող գործչի՝  սեփական երկրի շահերի հետ կապ չունեցող անտրամաբանական քայլերի հետևանքով Արցախը հայտնվել է ծանրագույն վիճակում։

«Դիմում եմ, որ ասեմ՝ այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, տանում է սարսափելի աղետի:

Դիմում եմ, որ խնդրեմ ապրելու հնարավորություն տալ արցախցիներին»։

Նախագահը երեք գերտերությունների ղեկավարներին հիշեցնում է, որ բազմաթիվ անգամներ իրենց ստորագրությունն են դրել արցախահայության արժանապատիվ ու անվտանգ կյանքի իրավունքի տակ։ «Ինձ համար մեծագույն ողբերգություն է, որ տարիներ առաջ մենք քննարկում էինք լուծումներ, որոնցով արցախցիները արժանապատվորեն կապրեին իրենց երկրում, հիմա խոսում ենք նրանց՝ գոնե ապրելու հնարավորության, ապրելու իրավունքի մասին»:

Եվ խնդրում է նրանց՝ կանգնեցնել արհավիրքը․«Խնդրում եմ ձեզ, ամեն ինչից առաջ կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. ես հավատում եմ, որ դուք դա կարող եք անել: Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը. հայասպանությունը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների և երկրների հստակ ուղերձները: Կանգնեցրե՛ք արհավիրքը, ապահովե՛ք արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորե՛ք դրանք, այնուհետև անցեք դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին, խնդրում եմ ձեզ:

Վաղը կարող է ուշ լինել»:

Նախագահ Սարգսյանի կոչն ուղղված է ողջ  աշխարհին, որին պարզ ասում է՝

* Արցախյան հիմնախնդիրը փակված չէ,

* Արցախը երբե՛ք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

* Արցախահայության պայքարն արցախցիների ինքնորոշման իրավունքի համար շարունակվում է:

Սարգսյանի կոչն ուղղված է նաև ամեն մի հայի․հայ ժողովուրդը կարո՛ղ է ու պե՛տք է անտեսի այս հայատյաց իշխանության կայացրած որոշումներն ու փրկի հայկական երկու հանրապետությունները կործանումից։ Մնում է գործի դնել հայկական ներուժի՝ Հայաստանի և Սփյուռքի ողջ ռեսուրսները։

Հ․Գ․ ՀՀԿ ներկայացուցիչներն այսօր՝ հուլիսի 24-ին, շրջում էին Հայաստանում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատներով և նրանց հանձնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակը, որը հասցեագրված էր հիշյալ երկրների ղեկավարներին:

 Արմինե Սիմոնյան