Ես ստորագրում եմ այս ուղերձի տակ

Կարդացի հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բաց նամակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներին։

Որպես լրագրող և պատգամավոր նախկին իշխանության ամենախիստ քննադատն եմ եղել, բայց հիմա ստորագրում եմ երրորդ նախագահի ուղերձի յուրաքանչյուր բառի տակ։

Ստորագրում եմ, որովհետև այո, այսօր 120 հազար արցախցիների ֆիզիկական գոյությունը վտանգի տակ է և այսօր,108 տարի անց, մենք կրկին մոտ ենք ցեղասպանության նոր շրջափուլին։ Ստորագրում եմ՝ կրկին անգամ ընդունելով իմ անձնական մեղավորությունը, որ 2018 թվականին ես ևս դարձա հասարակության հուզական ընտրության զոհն ու իշխանությունը հանձնվեց պետության ընկալման հետ որևէ աղերս չունեցող մեկին:

Ստորագրում եմ այս ուղերձի տակ և այո, համաձայն եմ, որ իշխանությունը դեռ իր ձեռքում պահող անձը չունի մեր ժողովրդի քվեն՝ Արցախը ճանաչելու որևէ այլ երկրի կազմում։ Նա չունի ամենակարևորը, արցախցիների քվեն՝ ինքնակամ որոշելու նրանց ճակատագիրը:

Ստորագրում եմ այս ուղերձի յուրաքանչյուր տող տակ, որովհետև, այո, տարիներ առաջ Հայաստանը բանակցային սեղանին քննարկում էր լուծումներ, որոնցով արցախցիները արժանապատվորեն կապրեին իրենց երկրում, հիմա մենք խոսում ենք նրանց՝ գոնե ապրելու հնարավորության, ապրելու իրավունքի մասին: Հիմա մենք խոսում ենք արցախցիների էկզիստենցիալ խնդրի մասին։

Ստորագրում եմ երրորդ նախագահի ուղերձի տակ, որովհետև, այո, փորձառու դիկտատորի և անլուրջ, անկարող մեկի ուղիղ բանակցությունները չեն կարող որևէ տրամաբանական կետում ավարտվել և թելադրող կողմի ամեն բավարարված պահանջ ծնելու է նոր՝ էլ ավելի դժվար բավարարելի պահանջներ, որոնց հանգրավանը լինելու է շատ ավելի մեծ աղետը։

Ստորագրում եմ, քանզի համաձան եմ, որ միջազգային հանրության և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների լռությունը նշանակելու է, որ շատ շուտով այդ երկրները ստիպված են լինելու զբաղվել արդեն «Հայաստանի հարցով»:

Երրորդ նախագահի բաց նամակը, ով արցախյան հիմնախնդրի վերջին և հիմնական բանակցողն էր, սթափ ու ծանր ուղերձ էր միջազգային հանրությանը, որովհետև այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, այլևս մահաբեր այս մսաղացը, որ տարավ ընդամենը հաց փնտրող փոքրիկ Լեոյի ու փոքրիկ Գիտայի կյանքը, այդ մահաբեր մսաղացն այլևս չի կանգնելու։

Ու վաղը, այո, ուշ է լինելու, շատ ուշ։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից