Եկեք մեզ չխաբենք․ ցեղասպանությունը պատմական իրադարձություն չէ, այն այսօրվա աշխարհի իրողություն է

Ես փորձում եմ իմ մասնագիտական դաշտում ինչ-որ բաներ անել Արցախում ցեղասպանությունը կանխելու համար: Որոշ բաներ ՖԲ-ում դնում եմ, որոշների մասին չենք բարձրաձայնում: Բայց մասնագիտականը քիչ է, քաղաքական և իրավական հենքը պետք է հնարավորինս ամուր լինի:

Իրավական առումով, իհարկե, շատ կարևոր են Միջազգային կազմակերպությունների, նաև դատարանների որոշումները, սակայն ոչ պակաս կարեւոր է մեր համազգային վճռականությունը՝ պայքարել Արցախն Ադրբեջանի կազմում հայտնվելու դեմ: Արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղասպանություն: Եկեք մեզ չխաբենք, եւ եկեք չհամարենք, որ սա ծայրահեղացում է: Ցեղասպանությունը, ցավոք, պատմական իրադարձություն չի, այն այսօրվա աշխարհի իրողություն է: Աշխարհի տարբեր մասերում նույնիսկ այսօր, տեղի են ունենում ցեղասպանություններ եւ ցավոք Արցախը շատ մոտ է դրան:

Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկերներին կոչ եմ անում դա անել: Իհարկե, սա միակ միջոցը չի, բայց սա բազմաթիվ քայլերից մեկն է, որ մենք պետք է անենք Արցախը հայկական պահելու համար:

Ցեղասպանագետ, դասախոս Սուրեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից