Բայդենի հնարավոր մասնակցությամբ կոռուպցիոն սխեմայի մասին տվյալներ են հրապարակվել

Ամերիկացի սենատոր Չակ Գրասլին հրապարակել է ՀԴԲ-ի (Հետաքննությունների դաշնային բյուրո) փաստաթուղթ, որում ասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է ներգրավված լինել իր որդու ՝ Հանթերի և «Բուրիզմա» ընկերության մասնակցությամբ կոռուպցիոն սխեմայում:

Ինչպես հետևում է «Ֆոքս նյուզ» հեռուստաալիքի կայքում հրապարակված նյութից, փաստաթղթերում հիշատակվում է անանուն տեղեկատուն, որը նկարագրել է հիշյալ սխեման:

Աղբյուրը պնդում է, որ ուկրաինական էներգետիկ ընկերությունը Հանթեր Բայդենին առաջարկել է տեղ ունենալ ընկերության տնօրենների խորհրդում, որպեսզի հոր միջոցով նա նրանց պաշտպանի բոլոր տեսակի խնդիրներից։

Նշվում է նաև, որ «Բուրիզմա» ընկերության ղեկավար Նիկոլայ Զլոչևսկին բազմաթիվ նյութեր ունի, որոնք հաստատում են, որ նրան ստիպել են միջոցներ փոխանցել այն հաշիվներին, որոնք իբր կապված են Բայդենների հետ:

Այս կապակցությամբ տեղեկատուն մեջբերել է Զլոչևսկու խոսքը։ Հարցին, թե արդյո՞ք կոռուպցիոն հետաքննությունը, որն այն ժամանակ անցկացնում էր Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը, չի ազդի «Բուրիզմա» ընկերության՝ ամերիկյան շուկա դուրս գալու պլանների վրա, Զլոչևսկին պատասխանել է՝ մի անհանգստացիր։ Հանթերը այդ ամենի մասին հոգ կտանի իր հոր միջոցով։