ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքների առաքման համաձայնագրում փոփոխություն կարվի

«Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թ դեկտեմբերի 2-ի համաձայնագրում» փոփոխություններ կկատարվեն։ Արձանագրությունում փոփոխություն կատարելու մասին որոշումը հաստատվել է այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ կառավարության նիստում։

Նախագիծը կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Արձանագրությամբ համաձայնագրում «նավթային գուդրոն» բառերը փոխարինվել են «նավթային բիտում» բառերով։

Վերոնշյալ փոփոխության կատարման անհրաժեշտությունը, կառավարության հիմնավորվմամբ, պայմանավորված է նրանով, որ երկրի տնտեսական զարգացման ու անվտանգության ապահովման համար ՀՀ-ում իրականացվում են լայնածավալ ճանապարհաշինարարական ծրագրեր՝ միտված ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը:

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ճանապարհաշինարարության ոլորտում էականորեն աճել է բիտումի սպառման պահանջարկը, որից ելնելով էլ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել նավթային բիտումի ներկրման ծավալները ՀՀ՝ առանց մաքսատուրքի գանձման ռեժիմի»,– նշված է կառավարության հիմնավորման մեջ։

Ընդունված արձանագրությունը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը: