Վրաստանը չի ցանկանում շարունակել համագործակցությունը Լեհաստանից ժամանած բժիշկների հետ

Վրաստանը չի ցանկանում շարունակել համագործակցությունը Լեհաստանից ժամանած բժիշկների հետ Թբիլիսիի կլինիկայում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ բժիշկներից մեկը փորձել է անօրինական կերպով հանել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի անալիզների նմուշները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ժեստ արեցինք, բայց քանի որ, որ նրանց կողմից նման արտառոց պահվածք կար, այս ամենը շատ կասկածելի էր, մենք համագործակցությունը շարունակելու որևէ ցանկություն չունենք»,- ասաց վարչապետը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հուլիսի 14-ին հայտնել է, որ Սահակաշվիլիին հետազոտելու համար Վրաստան ժամանած լեհ բժիշկներից մեկը փորձել է կլինիկայից դուրս բերել Վրաստանի նախկին առաջնորդից վերցված նմուշները՝ դրանք թաքցնելով կոշիկների մեջ: