Ադրբեջանը և Իրանը պայմանավորվել են արագացնել նախագծերի իրականացումը տրանսպորտային հաղորդակցության ոլորտում

Իրանական Աստարայում տեղի է ունեցել տնտեսական համագործակցության ադրբեջանա-իրանական հանձնաժողովների համատեղ նիստ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևի և Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազիրփաշայի նախագահությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման հարցերը, ինչպես նաև էներգետիկ նախագծերը, տեղեկացրել է Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայությունը։

Կողմերն ընդգծել են տարածաշրջանի տարանցիկ պոտենցիալի զարգացմանն ուղղված ջանքերի կարևորությունը և նպատակահարմար են համարել արագացնել տրանսպորտային հաղորդակցությունների դիվերսիֆիկացման նախագծերի իրականացումը։

«Այդ առնչությամբ կողմերը պայմանավորվել են արագացնել այն միջոցները, որոնք կապված են Փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացման հետ, որը ստորագրվել է 2022թ. մարտի 11-ին Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև, Իրանի տարածքով Ադրբեջանի Արևելազանգեզուրյան տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև նոր հաղորդակցությունների հաստատման մասին»,- նշվել է հաղորդագրությունում։

Նախատեսվում է մինչև հաջորդ տարվա վերջ ավարտել Աստարայի բեռնային տերմինալի կառուցումը։

Կողմերը պայմանավորվել են նաև որքան հնարավոր է արագ ավարտել մաքսային ենթակառուցվածքի կառուցումը սահմանին, Աստարաչայ գետի կամրջի մոտ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև էներգետիկ և ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված հարցերը։

«Այս առնչութկամբ նշվել է հիդրոհանգույցների և «Խուդաֆարին», Գըզ գալասի» և «Օրդուբադ-Մարազադ» հիդրոէլեկտրակայանների շինարարությունն արագ ավարտելու կարևորությունը»,- նշվել է մամուլի հաղորդագրությունում։