Օդեսան ենթարկվել է զանգվածային գնդակոծության, կան վիրավորներ

Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունն իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որ Օդեսայի մարզում առնվազն 12 խաղաղ բնակիչ է վիրավորվել, այդ թվում՝ 1 իննամյա երեխա։ Եվս մեկ խաղաղ բնակիչ տուժել է Խերսոնի գնդակոծության հետևանքով։

«Հարավ» օպերատիվ հրամանատարությունը նշել է, որ ռուսական կողմը հարվածներ է հասցրել Սևաստոպոլի ծոցում տեղակայված նավերից և Ղրիմի թերակղզու ափերին տեղակայված հրթիռային համալիրներից։

Ըստ հաղորդագրության՝ «Օնիքս» և «X-22» հրթիռների թիրախում են հայտնվել նավահանգստային և այլ կարևոր ենթակառուցվածքներ, հարվածներ են հասցվել հացահատիկի և յուղի տերմինալներին, վնասվել են պահեստարաններ և բեռնման սարքավորումներ։

Հարվածներ են հասցվել նաև Օդեսայի արտադրական օբյեկտներից մեկին, վնասվել է երկու պահեստ՝ ծխախոտով և հրավառ նյութերով։ Հրավառ նյութերով պահեստում հրդեհ է բռնկվել, և պայթյուններ են սկսվել։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ հայտնել է, որ գիշերվա հարվածների ընթացքում ռուսական կողմն օգտագործել է օդային, ցամաքային և ծովային տեղակայման թևավոր հրթիռներ, ինչպես նաև «Շահիդ-136/131» տիպի իրանական անօդաչու թռչող սարքեր։ Իրանը բազմիցս հերքել է Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում իրանական ԱԹՍ-ներ տրամադրելու մեղադրանքները։

Ղրիմի զորավարժարանում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուններ են տեղի ունեցել։ 4 գյուղերի բնակիչների տարհանման հրահանգ է տրվել։