Կձեռնարկվեն ծայրահեղ միջոցներ, որոնց մասին մենք առայժմ չենք ցանկանում հրապարակային ասել․ Արցախի նախագահի խորհրդական

Մենք մեր օրակարգն ունենք, Ադրբեջանը՝ իրենը, ներկա պահին միջնորդավորված ընթանում են որոշակի գործընթացներ։ Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հուլիսի 18-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։

Նա պարզաբանել է, որ այդ հարցով զբաղվում է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։ Գրիգորյանը նշել է, որ Արցախի կառավարությունը, այդ թվում նախագահը, կիրառել են հնարավոր և անհնար գործիքանին՝ ավելի մեղմ միջոցներով իրավիճակը կարգավորելու համար, չնայած դրան՝ ստեղծվել է այն իրավիճակը, որը ստեղծվել է։

Պաշտոնյան ավելացրել է, որ կա քայլերի հետևողականություն՝ հույս հայտնելով, որ Արցախի ձայնը կլսվի, և միաժամանակ հիշեցնելով իրավիճակի վատացման մասին ամենօրյա ռեժիմով։

Խորհրդականը կրկնել է Արցախի նախագահի խոսքերը, թե տրվում է մեկ շաբաթ՝ իրավիճակի կարգավորման համար, ինչից հետո այլ գործողություններ կձեռնարկվեն։ «Կձեռնարկվեն ծայրահեղ միջոցներ, որոնց մասին մենք առայժմ չենք ցանկանում հրապարակային ասել։ Արցախի Հանրապետությունն իրեն Ադրբեջանի կազմում չի տեսնում, ինչի մասին ասել են ժողովրդի կողմից օրինական ընտրված Արցախի իշխանությունները»,- նշել է նա։

Նա անընդունելի է անվանել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի առաջարկը Աղդամով Արցախ հումանիտար բեռներ ուղարկելու մասին։ «Մենք համապատասխան իրավական կարգավորումներ չունենք Ադրբեջանի հետ, և այդ գործընթացներն այս փուլում անհնար են»,- ասել է Վլադիմիր Գրիգորյանը։