ԵՄ-ը չի թաքցնում, որ մտադիր չէ քայլեր ձեռնարկել Թուրքիայի անդամակցության ուղղությամբ

Եվրամիությունը չի թաքցնում, որ մտադիր չէ որևէ քայլ ձեռնարկել Թուրքիայի անդամակցության գործընթացն առաջ մղելու համար, այժմ ամեն ինչ կախված է Անկարայի հետագա քայլերից: Երկուշաբթի գրել է Hürriyet թերթը։ Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կլինի, երբ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին։ Այս հայտարարությունից հետո նույն օրը ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգն ասել էր, որ Էրդողանը համաձայնել է շուտափույթ  թղթեր ուղարկել Թուրքիայի խորհրդարան՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմումը վավերացնելու համար։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ չեն ցանկանում Թուրքիային տեսնել Եվրոպայում, և Անկարան չպետք է վարդագույն ակնոցներ կրի այս հարցում։

«Չնայած Թուրքիան շարունակում է հայտարարել, որ ԵՄ անդամակցությունը ռազմավարական նպատակ է, սակայն այս գործընթացը երկար տարիներ կանգ է առել, և նույնիսկ բանակցությունները փաստացի դադարեցվել են: ԵՄ-ը ներկա պայմաններում մտադիր չէ որևէ քայլ ձեռնարկել այս ոլորտում և չի թաքցնում դա. և միայն Թուրքիայի հետագա քայլերը կարող են Բրյուսելին մղել առաջընթացի»,- նշված է հրապարակման մեջ։

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի վիլնյուսյան գագաթնաժողովի նախօրեին Անկարայի ուղերձները ակտիվացրել են Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունների աշխուժացման շուրջ քննարկումները, որոնցում վաղուց էական փոփոխություններ չկան: