Մենք մեր երեխաների կյանքը երբեք սակարկության առարկա չենք դարձնելու, բավ է․Գուրգեն Ներսիսյան (տեսանյութ)

Այսօր արցախցին ելել է հայտարարելու, որ բավ է. Ադրբեջանն ու աշխարհն ուզում են Արցախը դարձնել զոհասեղան, որի վրա դրված է մեր հայրենակիցների, մեր երեխաների կյանքը և մենք դա թույլատրել չենք կարող:

Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Եթե 2022 թվականի դեկտեմբերի 12-ին արցախցին ստիպված էր թերսնվել, եթե առողջական խնդիրներ ունեցող մեր տարեցները, երեխաները, ծնողները հարկադրված էին անցնել ծանրագույն կենսական խնդիրների միջով, ապա 2023 թվականի հունիսի 15-ից մեր ժողովրդին կանգնեցրել են ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի առաջ:

Գրեթե մեկ ամիս է, ինչ Արցախը ապրում է ներքին ռեսուրսների հաշվին: Այդ ընթացքում մեր բոլորիս համատեղ ջանքերով փորձել ենք իրավիճակը պահել այնպես, որպեսզի Արցախի շրջափակման այս ծանրագույն հետևանքները նվազագույն ազդեցությունն ունենան արցախցու վրա՝ հույս ունենալով, որ ամենակարճ ժամկետում միջազգային հանրությունը, ՌԴ-ն, ՀՀ-ն վճռական քայլեր կձեռնարկեն այս մահաբեր աղետի ընթացքը կանգնեցնելու համար: Բայց պարզվեց, որ բոլորն ընդամենը դիտորդի կարգավիճակով են հետևում այդ ամենին»,-նշեց պետնախարարը՝ հավելելով, որ այսօր իրավիճակն արդեն օրհասական է, իսկ յուրաքանչյուր վաղվա օրը լինելու է էլ ավելի ծանր ու դժվար:

Նրա խոսքով՝ արդեն կան առողջապահական բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ համայնքներ հաջորդաբար զրկվում են խմելու ջուր ունենալու հնարավորությունից: Մայրաքաղաքից հեռու գյուղական համայնքների բնակիչները դարձել են գերիներ և շատերի՝ շրջկենտրոնների ու մայրաքաղաքի հետ միակ կապը, հեռախոսազանգն է: Շուշիի շրջանի մեր գյուղերի բնակիչները դարձել են պատանդ՝ իր ծայրահեղ բոլոր դրսևորումներով: Սկզբնական շրջանում կրճատվել, իսկ հիմա դադարեցվում են միջհամայնքային ուղևորափոխադրումները, մանկապարտեզներում երեխաները գրեթե չեն սնվում, հիվանդանոցներում հիվանդներին տրվում է չնչին քանակի սնունդ: Օրեր անց չեն աշխատելու շտապօգնության մեքենաները, մարդիկ ունենալու են տարրական դեղորայքի անհասանելիության խնդիր:

«Ես հիմա հարց եմ ուզում ուղղել միջազգային հանրությանը, Հայաստանի Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը՝ ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչին եք սպասում: Ուզո՞ւմ եք այս հրապարակում մենք մարդկանց դիակներ ունենանք՝ որ արձագանքեք: Ուզում եք օրեր առաջ մեր երկրում մանկահասակների մահվան դեպքի կրկնություննե՞ր լինեն, որ խելքի գաք: Եվ ես ձեր բոլորի անունից ասում եմ՝ բավական է: Արդեն երրորդ տարին է՝ արցախցին համբերատար կրում է ամենատարբեր բնույթի տառապանքներ: Ամեն օր մեր մայրերն ու քույրերն իրենց արցունքները թաքցնելով նայում են իրենց երեխաների աչքերին և պատասխանատվության տակ խեղդվելով, ընտրություն անում և ամեն անգամ անվերապահորեն ընտրում հայրենիքը, մեր Արցախը:

Մենք ուշիուշով հետևում ենք աշխարհի այս կամ այն կետում կազմակերպվող հանդիպումների արդյունքներին: Հետևում ենք, թե ինչպես են միմյանցից խլում այս կամ այն քննարկման հարթակը, նախաձեռնությունների պայքար տանում, միջնորդական ջանքերի մարտեր վարում: Հետևում ենք, բայց ոչ արդյունքն ենք տեսնում, ոչ՝ ազդեցությունն զգում, իսկ երբ այդ հանդիպումներում հանկարծ առաջանում են տարաձայնություններ, անհամաձայնություններ և հարկ է լինում որևէ մեկի վրա ճնշում գործադրել, ապա մուրճի ողջ հարվածն իջնում է արցախցու գլխին:

Եվ նորից ձեր բոլորի անունից ուզում եմ գոռալ՝ մենք արդեն հասել ենք համբերության եզրագծին և այլևս զրկանքների հաշվին ի վիճակի չենք ձեզ ընձեռելու քաղաքական մանրևրեր կատարելու հնարավորություններ: Մենք այլևս ի վիճակի չենք ինքնամոռաց տանջվելու՝ ձեզ՝ ձեր երկրներում ծագած խնդիրներն առավել հանգիստ պայմաններում հաղթահարելու համար: Ի վիճակի չենք, որովհետև այլևս հյուծվելու տեղ չունենք: Որովհետև ցանկացած զիջում՝ այլևս մեր երեխաների կյանքի գնով է՝ Արցախի 30 հազար երեխաների կյանքի գնով:

Մենք մեր երեխաների կյանքը երբեք սակարկության առարկա չենք դարձնելու»,-շեշտել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: Ցանկացած զիջում՝ այլևս մեր երեխաների կյանքի գնով է, որը երբեք սակարկության առարկա չենք դարձնելու:

Նշենք, որ Արցախում այսօր՝ հուլիսի 14-ին, մեկնարկել է համաժողովրդական շարժումը. Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման մեկնարկի մասին նախօրեին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Հանրահավաքին մասնակցում է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ավելի ուշ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել տեսաուղերձով և հայտարարել, որ միանում է շարժմանը:

Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:

Մանրամսները տեսանյութում