Արցախի ամբողջական արգելափակումը Հայաստանից սադրանքի կամ նույնիսկ սադրանքի կիրառմամբ հայ- ադրբեջանական պայմնավորվածության հետևանք (տեսանյութեր)

Հունիսի 15- ից՝ արդեն գրեթե շուրջ մեկ ամիս, Ադրբեջանը Հակարիի կամրջից ամբողջապես արգելափակել է Հայաստանը և Արցախի Հանրապետությունը միմյանց կապող միակ ճանապարհը՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը: Հիմա արդեն պարզ է, թե ինչու, ինչ է նախորդել դրան: Ադրբեջանի կողմից հիշյալ միջանցքի ամբողջական արգելափակումը տեղի է ունեցել նույն օրը և նույն վայրում հայկական կողմի սադրանքի հետևանքով:

Նկատի ունենալով, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին է, հիմքեր ունենք առնվազն ենթադրելու, որ վերոնշյալ սադրանքն ունեցել է հենց Հակարիի կամրջից Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի ամբողջական արգելափակմանը հասնելու նպատակ:

Ավելին. բացառված չէ նաև, որ Նիկոլի կողմից Ալիևին, կամ Հայաստանի այլ պաշտոնյաների կողմից Ադրբեջանի համապատասխան պաշտոնյաներին եղել է առաջարկ, ապա նաև՝ նրանց միջև պայմանավորվածություն, որպեսզի Ադրբեջանն իր դրոշը դնի Հակարիի կամրջի վրա, հայկական կողմը, հանձինս իր սահմանապահ ծառայության աշխատակիցների, սկզբում իր համաձայնությունը տա, առնվազն չառարկի կամ գործնականում չխոչընդոտի Ադրբեջանի դրոշի տեղադրմանը, իսկ հետո Հայաստանի ԶՈւ-ի կողմից դրոշի տապալմամբ սադրի ադրբեջանական կողմին՝ միջանցքը Հակարիի կամրջից ամբողջապես արգելափակելու համար, կամ էլ Ադրբեջանից է պահանջ եղել՝ մենք մեր դրոշը կդնենք, դուք տապալեք, սադրանք արեք, առիթ տվեք, որպեսզի արգելափակենք Լաչինի միջանցքը, ինչին այստեղից համաձայնել են:

Ընթերցողներից ոմանք գուցե զարմանան՝ ինչո՞ւ, ի՞նչ նպատակով պետք է Նիկոլը կամ նրա իշխանության առանձին ներկայացուցիչներ գնային այդ քայլին, երբ հրապարակային հարթությունում պայքարում են Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի բացման համար: Այո, հանրությանը խաբելու համար «պայքարում են», այսինքն՝ սոսկ ձևականորեն, պայքարի երևութականություն ստեղծելու համար՝ կատարելով քայլեր, որոնց բացարձակ անարդյունավետ լինելը պարզ է ի սկբանե, և հակառակը՝ չկատարելով միջանցքի բացման համար անհրաժեշտ քայլերը:

Մինչ վերոնշյալ հարցին պատասխանելը, անդրադառնանք հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի եզրին տեղի ունեցածին, ինչի հետևանքով ադրբեջանական կողմն ամբողջապես արգելափակել է Քաշաթաղի (Լաչինի) միջանցքը՝ Արցախում ստեղծելով հումանիտար ճգնաժամ ու ծանրագույն սոցիալ- տնտեսական վիճակ: Համապատասխան տեսագրություններով փաստենք կատարվածի՝ նաև հայաստանյան կողմից սադրանք լինելը:

«Հունիսի 15-ին Հակարիի կամրջի վրա կատարվածը պլանավորված օպերացիա էր, որի մասնակիցներն էին՝ ՀՀ իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանն իր անձնական լրատվական կայքով, Ադրբեջանի իշխանությունները, ԱՄՆ ԿՀՎ մասնաճյուղ «Ազատություն» ռադիոկայանը, ամերիկյան 5-րդ շարասյունը իր այսպես կոչված նեոլիբերալ և ազգայնական թևերով,- Ֆեյսբուքի իր էջում գրել է «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Հայկ Այվազյանը:- Այդ օպերացիայի իրականացման նպատակը Արցախի ամբողջական շրջափակումն էր։

Իհարկե, այս օպերացիայի գլխին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններն էին։

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել հունիսի 15-ին Հակարիի կամրջի վրա՝

– Ադրբեջանցիները փորձել են դրոշը տեղադրել, սակայն Ռուսաստանի խաղաղապահները թույլ չեն տվել, դրոշը պոկել և դեն են նետել։

– Ադրբեջանցիները փորձել են երկրորդ անգամ տեղադրել դրոշը, ռուսաստանցի զինվորականները կրկին թույլ չեն տվել և ադրբեջանցիները դրոշը հավաքել են,

– Դրանից հետո ռուսաստանցի և ադրբեջանցի զինվորականների միջև սկսվել է քաշքշուկ և հայհոյախառը խոսակցություն։ Իրավիճակն այնքան է սրվել, որ դեպքի վայր է եկել Ռուսաստանի խաղաղապահների հրամանատար Լենցովը,

– Ադրբեջանական դրոշի տեղադրման երրորդ փորձի ժամանակ հայկական կողմից սկսել են կրակել։

Տեղադրում եմ հունիսի 15-ին Հակարիի կամրջի վրա կատարվածի ամբողջական տեսանյութը և այն հատվածը, որտեղ Ռուսաստանի զինվորականները պոկում են Ադրբեջանի դրոշը»։

Հայկ Այվազյանը դեռ ամբողջը չի գրել. 2- րդ տեսանյութում պատկերված է նաև ռուսական խաղաղապահների կողմից Ադրբեջանի դրոշը երկրորդ անգամ հեռացնելուց հետո զրահամեքենայով Հակարիի կամրջի արգելափակումը, որպեսզի կանխվի ադրբեջանցիների կողմից դրոշը երրորդ անգամ տեղադրելու փորձը:

Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ծառայողները ռուսական խաղաղապահների հսկողության ներքո հավաքում ու տանում են իրենց դրոշը: Հետո նրանք երկու անգամ ուժ են կիրառում ռուսական խաղաղապահների նկատմամբ (քաշքշոցներ, հրմշտոց), ինչը փոխադարձվում է խաղաղապահների կողմից:

Քիչ հետո սկսվել է առավել հետաքրքիրը. ձեռք բերված պայմանավորվածությունից հետո Հայաստանի սահմանապահ ծառայության աշխատակիցները ներկա են եղել Ադրբեջանի դրոշի տեղադրմանը և չեն առարկել կամ առնվազն գործնականում չեն խոչընդոտել դրան, իսկ հետո Հայաստանի ԶՈւ դիպուկահարը տապալել է արդեն տեղադրված Ադրբեջանի դրոշը (նույնիսկ, ըստ նրանց տեղեկությունների, ադրբեջանական մեկ զինծառայողի էլ վիրավորել), ինչն էլ Ադրբեջանին առիթ է տվել Հակարիի կամրջից Քաշաթաղի (Լաչինի) միջանցքն ամբողջապես արգելափակելու:

Այստեղ հարկ է ընդգծել, որ ինչպես Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ծառայողներն իրավունք չունեին Հակարիի կամրջի եզրին Ադրբեջանի դրոշը տեղադրելու, այնպես էլ Հայաստանի ԶՈւ զինծառայողն իրավունք չուներ միջամտելու, քանի որ երկու դեպքում էլ կատարվածը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության  6-րդ կետի խախտում է, ըստ որի, «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշին, կմնա ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»: Հետևաբար միջամտելու իրավունքը բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմինն էր և է:

Ինչո՞ւ Ադրբեջանի տեղադրված դրոշը երկու անգամ հեռացնելուց, ադրբեջանցիների կողմից դրոշը երրորդ անգամ տեղադրելու փորձը կանխելու նպատակով, Հակարիի կամուրջը զրահամեքենայով արգելափակելուց ու նույնիսկ իրենց և ադրբեջանցի զինծառայողների միջև քաշքշուկից, հրմշտոցից հետո ՌԴ խաղաղապահ զորակազմը չի կանխել Ադրբեջանի դրոշի տեղադրման 3-րդ փորձը, թույլ է տվել դրոշի տեղադրումը: Չգիտենք: Այդ մասին հրապարակային պարզաբանմամբ արդեն իսկ պետք է հանդես եկած լիներ Հայաստանի «ԱԱԾ» կոչվածը, որին ենթակա սահմանապահ ծառայության զինծառայողներն այնտեղ են եղել, բայց…

Իսկ միգուցե Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահ ծառայությունների մի՞ջև է դրոշը տեղադրելու պայմանավորվածություն ձեռք բերվել, և այդ պատճառո՞վ է ԱԱԾ- ն լռում… Բոլոր դեպքերում, եթե դրոշը տեղադրվել է նույնիսկ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ադրբեջանական կողմի պայմանավորվածության արդյունքում, հայկական կողմը ոչ թե պետք է կրակոցով տապալեր այն ու սադրեր, այլ պետք է նշված հրամանատարության կամ, անհրաժեշտության դեպքում, Մոսկվայի հետ բանակցությունների միջոցով հասներ դրա հեռացմանը:

Ի վերջո, անդրադառնանք սադրանքի նպատակին: Առկա փաստերից ու տեղի ունեցող գործընթացներից կարելի է եզրակացնել, որ սադրանքի արդյունքում Ադրբեջանի կողմից Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի ամբողջական արգելափակմանը հասնելն այդ սադրանքի վերջնական նպատակը չէ: Միջանցքի ամբողջական արգելափակումն ընդամենը միջոց է վերջնական նպատակներին՝ ռուսական խաղաղապահ զորակազմի վարկաբեկմանը, Արցախից խաղաղապահների՝ Ադրբեջանին զսպող միակ ուժի հեռացմանը հասնելու և այդպիսով Արցախն Ադրբեջանին վաճառելու, նվիրելու կամ հանձնելու գործարքն ամբողջությամբ իրականություն դարձնելու համար:

Ադրբեջանի համար խաղաղապահների հեռանալուց հետո Արցախի Հանրապետության բռնազավթումը (ԱՀ երբեմնի տարածքի շուրջ 75 տոկոսին հայկական կողմից պետական դավաճանության ու պարտվողական պատերազմի արդյունքում արդեն տիրել է) և նույնիսկ բնակչության ցեղասպանումն այլևս որևէ դժվարություն, որևէ խնդիր չի ներկայացնի:

Դատելով ամենից, նպատակ էր դրված ԱՀ ամբողջական արգելափակման արդյունքում հասնել Արցախում այնպիսի ծանր պայմանների ստեղծմանը, որ այնտեղ գտնվող նիկոլականները, սորոսականները և Արևմուտքի ողջ հինգերորդ շարասյունը հնարավորություն ունենան Արցախի բնակչության թեկուզ մի մասին ոտքի հանել և ուղղորել դեպի Քաշաթաղի (Լաչինի) միջանցք՝ իբր Հակարիի կամրջից ադրբեջանցիներին հեռացնելու և միջանցքը բացելու, բայց իրականում ռուսական խաղաղապահների հետ բախում հրահրելու և բանն այնտեղ հասցնելու համար, որ նրանք Արցախից հեռանան: Հենց այդ հույժ վտանգավոր գործընթացն էլ երեկ սկսվել է Ստեփանակերտում (տես՝ https://www.facebook.com/arthur.osipyan.902/videos/1387268508482228/ , https://www.facebook.com/nelli.ovakimyan.7/videos/940869706990827 ), և եթե ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև համապատասխան մյուս պաշտոնյաները չկանխեն այն, ապա մասնակիցը կդառնան պետական դավաճանության:

 

Արթուր Հովհաննիսյան