Արմավիրում դադարեցվել է տուֆի և բազալտի ապօրինի արդյունահանումը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հայտնաբերել են բազալտի և տուֆի ապօրինի արդյունահանման դեպք:

Տեսչական մարմնից հայտնում են, որ տեսուչներն անհապաղ դադարեցրել են նշված տարածքում ծանր տեխնիկայի միջոցով օգտակար հանածոների ապօրինի դուրսբերման աշխատանքները:

Իրականացված մարկշեյդերական չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ապօրինի արդյունահանվել է 1470խմ տուֆ և 18435խմ ծավալով բազալտ:

Կատարվել է նաև հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ։

Նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին: