Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ Կարապետ Բադալյանի, այսօր՝ հուլիսի 12-ին, մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա հարազատների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ նրա փաստաբան Վահագն Գրիգորյանի միջնորդությունը:

Ըստ փաստաբանի՝ միջնորդության հիմքն այն է, որ Սահմանադրական դատարանում այժմ քննվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը։

Դատարանը մերժելով միջնորդությունը, նշեց, որ Սահմանադրական դատարանը որոշում չի կայացրել Սահմանադրությանը նշված օրենքի անհամապատասխանության վերաբերյալ, ըստ այդմ միջնորդությունն անհիմն է և ենթակա մերժման:

Նշենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննվում է ՍԴ-ում: