Ինֆորմացիա ունենք, որ ստորագրելու համար հավաքարարի են աշխատանքից հեռացրել․ «Հայաքվե»-ի լիազոր ներկայացուցիչ (տեսանյութ)

«Գրեթե ամեն օր «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքի իրականացման համար խնդիրներ են ստեղծվում Մալաթիա-Սեբաստիա և Ավան վարչական շրջաններում»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը։

Նա մանրամասնեց, որ երեկ եղել է Ավան վարչական շրջանում, թույլ չեն տալիս, խոչընդոտում են իրազեկման ակցիա իրականացնելուն։

«Ես ստիպված եղա դիմել ոստիկանությանը, բայց խնդիրը չի լուծվել։ Պատճառաբանում են՝ կանգնում եք խոտի վրա, խոտն եք փչացնում կամ կանաչապատման աշխատանքներին եք խանգարում։ Մոտ երեք ժամ կանգնել եմ, կանաչապատման որևէ աշխատանք չի եղել, ինձ հետ եղել են նաև ոստիկաններ, ազնիվ տղաներ էին երևում, կհաստատեն, որ կանաչապատման աշխատանքներ չեն եղել։ Երբ բարձրաձայնեցի այդ մասին, ցերեկով սկսկեցին խոտը ջրել, իսկ մենք գիտենք, որ ոռոգումն իրականացվում է կամ ուշ երեկոյան, կամ առավոտ կանուխ։ Ժամը 15-ին սկսկեցին ջրել, ափսոս էր այդ խոտը»,-ասաց Պետրոսյանը։

Լիազոր ներկայացուցիչն ասաց, որ վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցներին խիստ հրահանգված է չստորագրել։

«Ինֆորմացիա ունենք, որ մի տեղ հավաքարար են աշխատանքից հեռացրել՝ ստորագրելու համար»,-ասաց նա։

Պետրոսյանը նշեց նաև, որ խնդիր է առաջացել ՀՀ-ից դուրս նույնականացման քարտով ստորագրահավաքին միանալու հարցում, իրենք դիմել են ԿԸՀ, խնդիրն արձանագրել են նաև այնտեղ։ Եվ երկուշաբթի պլանավորում են դիմել Գլխավոր դատախազություն։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ օրենքի պահանջը չկատարած Երևանի քաղաքապետարանի և ևս երկու համայնքապետարանի հարցով դիմել էին դատախազություն, սահմանված տասնօրյա ժամկետը լրացել է, սակայն դատախազությունից որևէ պատասխան չունեն։