Իրանի հարավ-արևելքում ավելի քան հազար մարդ է տուժել ավազամրրիկներից

Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում ավելի քան 1000 մարդ է տուժել է ավազամրրիկներից։  Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«120-օրյա քամիների նոր ալիքը պատել է Սիստանի տարածաշրջանը, ներառյալ՝ նահանգի հյուսիսի հինգ մարզերը՝ Զաբոլը, Զահակը, Համունը, Հիրմանդը և Նիմրուզը: Հուլիսի 2-ից մինչ օրս տարածաշրջանի բժշկական կենտրոններ դիմած մարդկանց  ընդհանուր թիվը կազմել է 1010», – հայտնել է նահանգի ճգնաժամային վարչության գլխավոր տնօրեն Մաջիդ Մոհեբին։

162 տուժած հոսպիտալացվել է, մնացածը ամբուլատոր բուժում են անցել։ Բժշկական օգնության դիմողները գանգատվել են շնչառության, աչքերի և սրտի հետ կապված խնդիրներից:

Տարածաշրջանում աշխատում են Կարմիր մահիկի աշխատակիցները, որոնք մոտ 3800 դիմակ են բաժանել Սիստան և Բելուջիստանի բնակիչներին: