Քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ. ՄԻՊ-ը՝ ԵԽ-ին

Միրոսլավ Պապա Խրիստոս Յակումոպուլոսին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 6-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին:

ՄԻՊ գրասենյակից  հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգը, Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի վարիչ Վարդուհի Մելիքյանը:

Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար հետևանքները, ինչպես նաև նշված խնդիրների հասցեագրման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Հատուկ անդրադարձ է կատարվել Երասխ համայնքի ուղղությամբ ադրբեջանական վերջին սադրանքի ժամանակ քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու դեպքերին:

Պաշտպանն այս համատեքստում ընդգծել է, որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման նկատմամբ:

Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքներին: Պաշտպանը նշել է, որ հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի տարածումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում:

Քննարկվել են նաև ազգային փոքրամասնություննների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր։ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվում Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ձևավորման ուղղությամբ, որը միտված է լինելու ազգային փոքրամասնությունների իրավունքների խթանմանը:

Հանդիպման ավարտին մասնակիցները բարձր են գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցության մակարդակը և նախանշել փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները: