Փաստաբանները եռօրյա բողոքի ակցիա կանեն

Փաստաբանները եռօրյա բողոքի ակցիա կանեն։ Այս մասին որոշումը կայացվել է հուլիսի 6-ին տեղի ունեցած փաստաբանների ակումբի նիստում, որին ներկա փաստաբանները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի կապակցությամբ:

ՀՀ փաստաբանների պալատից հայտնում են, որ ներկա փաստաբանները ցավով արձանագրեկ են իրավասու մարմինների անտարբերությունը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ:
Ներկաներն արձանագրել են նաև, որ փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործած ոստիկաններն առ այսօր շարունակում են պաշտոնավարել և փաստաբանների կողմից իրականացված բողոքի ակցիաները, այդ թվում՝ մեկ օրյա դատարաններից և նախաքննության մարմիններից հրաժարվելու ակցիան, որևէ արդյունք չեն տվել:

Փաստաբաններն արձանագրում են, որ այս անգործության պայմաններում 2023թ. փետրվարին և հունիսին փաստաբանների նկատմամբ կատարված բռնությունների պատասխանատվությունն ընկնում է նաև 2023 թ. հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության պետ հանդիսացող Արամ Հովհաննիսյանի վրա:

«Փաստաբանները, վերահաստատելով իրենց պահանջները, փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման նման խոչընդոտները կանխելու նպատակով, որոշել են՝

– պահանջել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Կառլենի Հովհաննիսյանի հրաժարականը.

– եռօրյա բողոքի ակցիա իրականացնել 2023 թվականի հուլիսի 11-ին, 12-ին և 13-ին՝ այդ օրերին հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց.

– փաստաբանական համայնքում հարցումներ անցկացնել ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին «Փաստաբանության թշնամի» հռչակելու կապակցությամբ»,- ասված է Փաստաբանների պալատի հաղորդագրության մեջ։