Ներքին թիվ 1 թշնամին ակնհայտորեն խաղում է արտաքին թշնամու կողմից

 Ադրբեջանի կողմից Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը գնալով սրվում է և դանակը աստիճանաբար ոսկորին է հասնում: Եթե այսպես շարունակվի, ապա հեռու չէ այն ժամանակը, երբ Արցախում ամբողջապես կսպառվեն պարենային և ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների հիմնական մասի նախկինում կուտակված պաշարները:

Եվ, պատկերացնո՞ւմ եք, այս իրավիճակում, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը պետք է քուն ու դադար չունենար, մտասևեռումն ու թիվ 1 զբաղմունքը պետք է լինեին Արցախում ստեղծված իրավիճակը և Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանը հասնելը, և հենց ինքն իր նախաձեռնությամբ պետք է զանգահարեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի ղեկավարին զանգահարում է միայն այն բանից հետո, երբ դա իրենից խնդրում է ԱՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը:

Ընդգծենք, որ ՌԴ նախագահին զանգահարելով, վերոնշյալ հիմնախնդիրը դեռ չի լուծվում: Դրա համար, նախ, առաջնահերթորեն անհրաժեշտ էր և անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը կամ, նրա գլխավորած կառավարության որոշմամբ, արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողն Ադրբեջանի կողմից Հաագայի միջազգային դատարանի (ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի)՝ Լաչինի միջանցքը բացելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ էներգիայի մատակարարումն անհապաղ վերականգնելու վերաբերյալ դեռ ս. թ. փետրվարի 22-ի որոշումը չկատարելու կապակցությամբ դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

Եվ երկրորդ. Նիկոլը թեև դեռ ավելի վաղ պետք է դիմեր ՌԴ նախագահին՝ խնդրանքով, որ նա հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած պետությունների ղեկավարների հանդիպում՝ Ադրբեջանի կողմից նշված հայտարարության դրույթների կոպիտ ու տևական խախտման կապակցությամբ, բայց տվյալ հարցով նրան պետք է դիմեր գոնե երեկվա հեռախոսազրույցի առիթն օգտագործելով:

Ելնելով, սակայն, Պուտինին Նիկոլի երեկվա հեռախոսազանգի վերաբերյալ Կրեմլի և Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կայքերում հրապարակված պաշտոնական տեղեկություններից, Նիկոլի կողմից վերոնշյալ հարցը չի բարձրացվել, հեռախոսազրույցի ընթացքում այն չի քննարկվել, այսինքն՝ Նիկոլի կողմից հերթական անգամ միտումնավոր ու հանցավոր անգործություն է դրսևորվել վերոնշյալ հարցերով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ և ՌԴ նախագահին չդիմելով: Նիկոլն ակնհայտորեն խաղում է թշնամու կողմից:

Փոխանակ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի ապաարգելափակման ուղղությամբ իրական քայլեր կատարելու, Նիկոլը Երևանում երեկ կնոջ հետ միասին բարձրացել է ավտոբուս, շրջել դրանով, գոհունակություն հայտնել, որ ավտոբուսում հաճելիորեն սառն է, ուղղակիորեն թե անուղղակիորեն գովազդել իր իշխանության կատարած աշխատանքը մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի «բարելավման» գործում:

Եվ սա՝ այն դեպքում, երբ Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքն իրականում խայտառակ վիճակում է, ավտոբուսների շարժման միջակայքն ամեն օր և, հատկապես, հանգստյան և տոն օրերին էապես խախտվում է, վարորդներն ու դիսպետչերներն աշխատում են այնպես, ինչպես ցանկանում են: Նույնիսկ նոր ավտոբուսներն ուղևորներով հաճախ այնքան գերծանրաբեռնված են լինում, որ բարձրանալ չի լինում, ավելին՝ անգամ երբ խոսքը սկզբնականգառից վերջնականգառ երթևեկության մասին չէ, ավտոբուսով երթևեկությունը հաճախ տևում է գրեթե մեկուկես ժամ, այսինքն՝ այնքան, որքան կպահջվեր ավտոտրանսպորտով Երևանից, ասենք, Գյումրի հասնելու համար:

Նիկոլը մյուս կողմից էլ միամիտների աչքերին թոզ է փչել, թե ինքն այնքան համարձակ, «կռուտոյ» տղա է, որ նույնիսկ պետական դավաճանությունից հետո կարող է հասարակական տրանսպորտով ազատորեն շրջել և իր խաթրին կպնող չկա, իհարկե, թաքցնելով, որ ավտոբուսում աղջիկներից, կանանցից ու միգուցե մի քանի պատանիներից ու տարեցներից բացի, մնացածները նախապես ավտոբուս բարձրացած իր թիկնազորի ծպտյալ ծառայողներն են եղել:

 

Արթուր Հովհաննիսյան