ՀՀ ՄԻՊ-ը միջազգային կառույցներին տեղեկություն է փոխանցել Ադրբեջանի կողմից առևանգված 2 հայ զինծառայողների մասին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքից առևանգված 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն է փոխանցել միջազգային կառույցներին։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից առևանգված 2 հայ զինծառայողների դատական նիստին։

«Մենք զրուցել ենք հարազատների հետ, մոտավոր պատկերացում ենք կազմել և ստացված տեղեկատվությունն իրավական ձևակերպումներով ուղարկել ենք միջազգային կառույցներին»,- ասաց Մանասյանը:

ՀՀ ՄԻՊ-ի խոսքով՝ թեման անընդհատ բարձրաձայնում են բոլոր միջազգային գործընկերների հետ շփումների ժամանակ:

«Տվյալ պարագայում գործ ունենք միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից հստակորեն գերու կարգավիճակ ունեցող անձանց հետ, և նրանց նկատմամբ պետք է տարածվեն այն երաշխիքները, որոնք, ըստ էության, հիմա շատ վիճելի է ասել՝ փաստացի տեսանկյունից տարածվո՞ւմ են, թե՞ ոչ: Եվ այս առումով միանշանակ է, որ, այո՛, պետք է քայլեր ձեռնարկվեն»,- ասաց նա:

Ըստ Հայաստանի Քննչական կոմիտեի, երկու զինծառայողները մայիսի 26-ին սնունդ են տարել դիրքեր ու վերադարձի ճանապարհին առևանգվել ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից։