Ճնշումների տակ բանակցությունները չի կարելի անվանել երկխոսություն կամ բանակցություն․ Սերգեյ Ղազարյան

Արցախյան կողմը երբեք չի մերժել երրորդ երկրում հանդիպումները՝ մի պարզ պատճառով, որ ամենաշահագրգիռ կողմն է իրական երկխոսության մեջ, որը սակայն պետք է կառուցողական բնույթ ունենա և որոշ չափորոշիչներ պետք է համապատասխանեն:

Այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ այսօր՝ հուլիսի 6-ին, Ստեփանակերտ-Երևան հեռուստակամրջի ընթացքում:

«Այդ իսկ պատճառով է, որ քննարկումները դեռ շարունակվում են: Մենք այս ընթացքում տարբեր առաջարկներ ենք ստացել, թե՛ տարբեր երկրների ներկայացուցիչներից, թե՛ միջազգային կազմակերպությունների կողմից նման հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ: Ողղակի կան որոշ կարևոր էլեմենտներ, որոնք մենք պետք է հաշվի առնենք: Փետրվարի 24-ին և մարտի 1-ին նմանատիպ հանդիպումներ տեղի են ունեցել ռուսական խաղաղապահների միջնորդությամբ՝ նրանց տեղակայման վայրում: Այս հանդիումների ժամանակ քննարկվել էին տեխնիկական բնույթի հարցեր, սակայն ադրբեջանական կողմը ամբողջությամբ խեղաթյուրեց այդ հանդիպումների իմաստը՝ ներկայացնելով դա իբրև վերաինտեգրման շուրջ բանակցությունների մեկնարկ»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ դրան հաջորդել է մարտի 5-ին տեղի ունեցած Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունը, որի հետևանքով երեք արցախցի ոստիկան է սպանվել մեկը՝ վիրավորվել:

«Մեր խորին համոզմամբ, ճնշումների տակ բանակցությունները չի կարելի անվանել երկխոսություն կամ բանակցություն: Քանի ճանապարհը փակ է, երկխոսություն նման պայմաններում չի լինելու: Մյուս կողմն էլ պետք է ցույց տա, որ ինքը պատրաստ է երկխոսության, բայց եթե ճանապարհ են փակում, մենք ինչպես կարող ենք հասկանալ, որ ադրբեջանական կողմը պատրաստ է այդ երկխոսությանը: Պարբերաբար քննարկումներ են գնում նոր երկխոսության համար: Արցախյան կողմը բազմիցս ռուս խաղաղապահների միջոցով փոխանցել է ադրբեջանական կողմին հանդիպումների առաջարկներ, որոնք ցավոք, մերժվել են հենց նրանց կողմից»,- ընդգծեց արտգործնախարարը: