Դատախազությունն ունի ամրություն՝ պատնեշ լինելու այն անձանց առջև, որոնք կհանդգնեն ոտնձգել բանակի դեմ․ Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի ամրություն՝ լինելու պատնեշ այն անձանց և նրանց, այսպես կոչված, բարեխոսների ու միջնորդների առջև, որոնք կհանդգնեն ոտնձգել հատկապես հանրային բարիքի, հայկական բանակի դեմ՝ անկախ իրենց ունեցած դիրքից, կապերից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին վստահեցրեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովում:

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2023-2027 թվականների ծրագրային ձևաչափի շրջանակում՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: Հայաստանի դատախազն այսպիսով  շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության  գործընկերներին:

Սա նման ձևաչափով առաջին համատեղ աշխատանքն է: Վարդապետյանը վստահություն հայտնեց, որ փոխգործակցությունը լինելու է շարունակական և ապացուցելու է, որ արդյունավետ է:

Նա շնորհավորեց բոլոր դատախազներին, համակարգի աշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ:

«Այս կարճ, բայց հագեցած համատեղ աշխատանքի ժամանակահատվածն ինձ հիմք է տալիս պնդելու, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի անհրաժեշտ ներուժ՝ լինելու հանցավորության դեմ պայքարի և իրավունքի գերակայության ամրապնդման լոկոմոտիվ: Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի կամք՝ իր ներսում իրականացնելու բովանդակային բարեփոխումներ, որոնք անխուսափելիորեն հանգեցնում են արտաքին իմիջային փոփոխությունների»,-ասաց Վարդապետյանը:

Գլխավոր դատախազը նաև վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի գիտակցություն՝ տարբերելու մանիպուլյացիաները, երկակի ստանդարտները, հովանավորչությունն ու կոռուպցիոն կոմպրոմիսները՝ պետության և հանրային շահից, հանցանք կատարած, սայթաքած, բայց իրականում զղջած, իր արարքի հետևանքով պատճառված վնասը վերականգնած անձի նկատմամբ գթասրտությունից, մարդասիրությունից:

«Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի ամրություն՝ լինելու պատնեշ այն անձանց և նրանց, այսպես կոչված, բարեխոսների ու միջնորդների առջև, ովքեր կհանդգնեն ոտնձգել հանրային բարիքի, հայկական բանակի, հանրային առողջության, խոցելի խմբերի, անչափահասների դեմ՝ անկախ իրենց ունեցած դիրքից, կապերից, զբաղեցրած պաշտոնից և ֆինանսական կարողություններից»,-ասաց Վարդապետյանը:

Նա ընդգծեց նաև, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի ազնվություն՝ հետահայաց գնահատական տալու անցած 105-ամյա պատմությանն, ու ունի հավատամք՝ ազնվաբար ծառայելու հանուն ներկա ու ապագա նպատակադրումների իրականացմանը: