Սերժ Սարգսյանը քեզ ազատ Արցախ էր ժառանգել, դու սերունդներին Ադրբեջանին նվիրած Արցախն ազատագրելու ծանր ու դաժան բեռն ես ժառանգում

«Ազատ Արցախը ողջունում է ձեզ»։ Ահա թե ինչ ցուցանակի առկայությամբ էինք տարիներ առաջ՝ մինչև այս դավադիր իշխանութունների կողմից Արցախը թշնամուն նվիրելու օպերացիան իրականացնելը, այցելում Արցախ ու վստահորեն, որ մեր կյանքին ոչինչ չի սպառնում, ժամանակ անցկացնում Արցախում՝ որը հանգստանալու, որը գործնական նպատակներով։ Նախանիկոլյան իշխանությունների օրոք Արցախի ու Հայաստանի Հանրապետության միջև կամուրջը պայմանական էր, քանի որ երկու պետություններն էլ հայկական տարածքներ էին և ՀՀ պետական բյուջեն հավասարապես սնում էր թե Արցախի Հանրապետությունը, թե Հայաստանի Հանրապետությունը, իսկ Արցախից Հայաստան էին ուղարկվում այնտեղի հողի բերքն ու բարիքը, արտադրանքը։ Երկու պետությունների իշխանությունները գործում էին համահունչ՝ ելնելով հայկական ընդհանուր շահից։ Եվ Արցախի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում էլ հայկական կողմը նույն տրամաբանությամբ էր ձգտում դիրքավորվել, որպեսզի Արցախը երբևէ չընդգրկվի Ադրբեջանի կազմում, և ՀՀ ու Արցախի Հանրապետության կապը երբևէ չընդհատվի։ Սա թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանությունների հստակ դիրքորոշումն էր ու բռնած քաղաքական ուղին, որն ավելի ամրապնդվեց հատկապես Սերժ Սարգսյանի օրոք, երբ բանակցային դաշտում դիվանագիտական հսկայական աշխատանքի շնորհիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին հնարավոր եղավ ավելի շատ հայամետ դիրքորոշման բերել։ Եվ դա այն դեպքում, որ Ադրբեջանը գործի էր դրել իր նավթախավիարային ողջ ռեսուրսը՝ Արցախի հարցն իր օգտին լուծելու համար։ Արևմտյան պաշտոնյաները սիրով ճաշակում էին այդ խավիարը, օգտվում նավթադոլարներից, բայց Ալիևի երազանքը իրականություն չէր դառնում։ 2016 թվականին քառօրյա պատերազմը նույնպես նախապես տանուլ տված օպերացիա էր, որը, ի դեպ, հենց Ալիևի դեմ էլ շրջեցին համանախագահողները՝ իհարկե հայկական կողմի դիվանագիտական հմտությունները գործադրելու շնորհիվ։ 2016 թվականից հետո Ալիևի դիրքերն ավելի թուլացան, իսկ միջազգային պարտադրանքները նրա վրա ավելացան ու խստացվեցին։ Եթե չլիներ չարաբաստիկ 2018 թվականը, շատ հնարավոր է՝ այսօր արդեն Մադրիդյան սկզբունքները կիրառություն ստանային և աստիճանաբար մենք գնայինք Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով։ Ամեն դեպքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հավատում էր այդ լուծմանը, և երբ նրանից գունավոր հեղափոխությունից շատ հետո հետաքրքրվեցին, թե ինչու չկատարեց տված խոստումը և այնուամենայնիվ 2018-ին դրեց իր թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար, նա ասաց, որ իր մտավախությունը Արցախյան խնդրի կարգավորման գործընթացը տապալելու և իր իշխանության ձեռքբերումներն այդ ոլորտում զրոյացնելու հնարավոր սցենարն էր։ Իսկ ինքն այլ մարդու չէր տեսնում, որը կկարողանար բանակցային գործընթացում հաստատուն կերպով շարունակել իրենց սկսած գործը և ավարտին հասցնել։ Բայց եղավ այն, ինչ եղավ, 2018-ին եկավ մի իշխանություն, որն իսպառ հերքեց նախկին նախագահի կրեդոն՝ ոչ մի դեպքում չգնալ միակողմանի զիջումների և ամեն ինչ անել հայկական շահից բխող գործողությունների հասնելու համար։

«Բանակցային պրոցեսը կարող է ակտիվանալ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը դեն գցի իր այն սին պատկերացումները, որ փոխզիջումները նշանակում են միայն զիջումներ Լեռնային Ղարաբաղի կողմից կամ Հայաստանի Հանրապետության կողմից: Այդպես լինել չի կարող: Իսկ ապագան ցույց կտա, թե ինչ լրացուցիչ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել, որպեսզի մեզ համար այդ ամենակարևոր խնդիրներից մեկը ստանա արդյունավետ ընթացք»,- 2018 թվականին պատասխանելով պատգամավորների հարցերին՝ նման դիրքորոշում է հայտնել վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Իսկ Փաշինյանի իշխանությունն ի՞նչ է անում։ Այսօրվա դրությամբ մեր իշխանությունները միայն զիջում են Ադրբեջանին՝ ինչպես Արցախը (զգալի մասը՝ պատերազմով, պահպանված մասը՝ բանավոր պայմանավորվածություններով ու Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու խոստումներով), այնպես էլ Հայաստանը՝ պատրաստակամություն հայտնելով ադրբեջանական ձևակերպմամբ՝ «անկլավները» վերադարձնել ու միջանցք տրամադրել։ Ահա սա էր Փաշինյանի զրոյական կետից սկսելը, որովհետև Սերժ Սարգսյանի կետից սկսելու դեպքում՝ Արցախյան խնդրի հանգրվանն ուրիշ էր լինելու կամ գոնե պահպանվելու էր ստատուս քվոն, ու հարցը փոխանցվելու էր սերունդներին։ Բայց ՀՀ վարչապետի աթոռը զավթածի բոլոր գործողությունները մեկ բան են փաստում՝ նա եկել է իշխանության ոչ թե հայանպաստ քաղաքականություն վարելու, այլ թուրքադրբեջանական շահը սպասարկելու համար։ Արդյո՞ք այսօրվա Արցախն ու Հայաստանը դրա վառ ապացույցը չեն։ Տեսեք, թե ինչպիսի հայկական պետություններ էր ժառանգել Փաշինյանի իշխանությանը Սերժ Սարգսյանը, և ինչ ունենք մենք այսօր երկրի անվտանգային տեսանկյունից, ինչպիսի՞ ապագա կա այսօր մեզ համար, արդյո՞ք առաջվա պես գլուխներս հանգիստ բարձին ենք դնում՝ վստահ լինելով մեր վաղվա օրվա համար, թե՞ թուրքական էքսպանսիայի ու ցեղասպանության վախով ենք արթնանում։

Փաշինյանի գործուն ջանքերով այսօր ոչ միայն հնարավոր չէ գնալ երբեմնի ազատ Արցախ, հանգիստ ելումուտ անել Արցախի Հանրապետություն, այլև Արցախի 120 հազար բնակչությունը գրեթե յոթ ամիս շրջափակման մեջ է՝ դրա բոլոր դաժան հետևանքներով, Լաչինի մոտ Հակարի կամրջի մոտ ադրբեջանցին անցակետ է դրել ու պարտադրում է՝ Արցախի բնակչությանը այդ անցակետով ճանապարհը շարունակել, իսկ Արցախի երբեմնի անվտանգութան երաշխավոր Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկավարը ի լուր աշխարհի հայտարարում է, թե Արցախը միշտ ադրբեջանական է եղել՝ այդպիսով նվաստացնելով Արցախյան առաջին ազատամարտի, քառօրյայի ձեռքբերումները, հաղթանակները և պատերազմներում զոհվածների հիշատակն անարգելով, մեր ժողովրդի հաղթական անցյալն իմաստազրկելով։ Հպարտ քաղաքացիներ կերտելու խոստումով իշխանությունը զավթած Փաշինյանին հաջողվում է նվաստ պետության ստորացված քաղաքացիներ կերտել, և նրանց կերակրել տարատեսակ ստերով՝ իր կենսագրությունը փրկելու ակնկալիքով։ Փաշինյանը վստահ չէ, որ Ադրբեջանում, որի շահերի սպասարկուն է ինքը, մի օր իր արձանն են կանգնեցնելու իբրև հերոսի, թերևս դրա համար հոգ է տանում գոնե Հայաստանում անսասան հեղինակություն ապահովել։ Բայց հայ ժողովուրդն ապացուցել է, որ ժամանակի հոլովույթում կարողանում է ճիշտ գնահատականներ տալ երևույթներին ու ազգի դավաճաներին անարգանքի սյանը գամել։

Թագուհի Ասլանյան