Ամեն ինչում մեղավոր եմ, բայց ես այստեղ մի պրոբլեմ ունեմ․ Փաշինյան

Ես ինձ ամեն ինչում մեղավոր եմ համարում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց ես այստեղ մի պրոբլեմ ունեմ. երբ, որ թուղթ ու գրիչը վերցնում եմ և սկսում եմ ձևակերպել ինքս իմ մեղադրական եզրակացությունը, ձևակերպում եմ, ձևակերպում եմ, ինչ-որ մի տեղ մտնում եմ փակուղի: Ասվում է՝ գնայիր, սա ընդունեիր, չես ընդունել, մեղավոր ես: Դա չլինող բան էր, ոչ թե այն առումով, որ իրականանալի չէր, այլ ճիշտ չէր, չէր կարելի դա անել:

Ես նաև ակնկալում եմ, որ ընդդիմությունն օգնի այդ հարցում: Գալիս և ԱԺ-ում ինձ ասում են, որ Կովսականը տվեցիր, հետո ասում են՝ պատերազմը չկանգնեցրեցիր։ Հետո բացում և տեսնում եմ, որ հեռուստաէկրանին դարձել է Կովսական, բայց բանակցային գործընթացում մնացել է Զանգելան, որը պետք է վերադարձվեր: Հարգելի՛ գործընկերներ, ձեր խնդիրը նրանում է, որ մի նախադասության մեջ ինձ մեղադրում եք, որ Կովսականը հանձնել եմ, մյուս նախադասության մեջ մեղադրում եք, որ Զանգելանը չեմ հանձնել:

Սա քաղաքական ձև չէ։ Ես ինձ մեղավոր եմ ճանաչում և զգում, բայց իմ մեղադրական եզրակացությունը գրելիս գալիս և փակուղու առաջ եմ կանգնում, կանգնում եմ՝ Զանգելանի առաջ»,-դիմելով ընդդիմությանն ասաց վարչապետը։

Նա նաև նկատեց, որ այդ 7 շրջանները ԼՂ Սահմանադրությամբ իրենց մաս են. «Ո՞նց է ՀՀ վարչապետը գնում բանակցի ուրիշ երկրի տարածքը հանձնելու կամ չհանձնելու մասին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: