Պատիվ ունեմ»-ը բոյկոտել է այսօրվա նիստը․ դուք ուղղակի չեք լսել, թե ինչ էր տեղի ունենում․ Թագուհի Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ի նշան բողոքի, չի մասնակցի այսօրվա նիստին, իսկ մյուս օրերի մասով դեռ որոշում կկայացնենք։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Դուք բոլորդ տեսաք, թե ինչ պայմաններում են ընթանում ԱԺ-ում նիստերը, սա ուղղակի խայտառակություն է: Ամեն անգամ մի առիթ փնտրել եւ ԱԺ նիստերը վերածել փողոցային խուլիգանական գործընթացի, ես օրինակ, շատ անհարմար եմ զգում այս դահլիճ մտնել: Ամեն անգամ մտնում ես ու չգիտես՝ քեզ ինչ է սպասվում: Ամեն անգամ ես ամաչում եմ, որ մարդիկ ստիպված են լսել փողոցային բառապաշարի կիրառում ԱԺ պատգամավորների կողմից:

Դուք ուղղակի չեք լսել, թե ինչ էր տեղի ունենում, երբ ընդմիջում էր հայտարարվում: Անթաքույց իշխանության պատգամավորները սպառնալիքներ, վիրավորանքներ էին հասցնում ընդդիմության հասցեին:

«Պատիվ ունեմ» խմբակցությունն այսօրվա նիստին չի մասնակցի՝ ի նշան բողոքի, որ մենք չենք կարող հանդուրժել այսպիսի իրավիճակը: Ուզում եմ նկատել, որ այս լարվածությունը, ըստ էության, ԱԺ նախագահից սկսվեց, ինքը սկսեց վիրավորել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, հետո ի նշան բողոքի՝ դուրս եկավ նիստերի դահլիճից, ինչից ոգևորված ՔՊ-ականները սկսեցին փողոցային լեկսիկոնը գործի դնել: Սա անհարիր է խորհրդարանին, խորհրդարանի պատգամավորին։ Մենք լուրջ մտածելու խնդիր ունենք, թե ում հետ գործ ունենք»,–ասաց Թովմասյանը։

«Մենք երկար ժամանակ բոյկոտում էինք խորհրդարանի աշխատանքները, և օրումեջ իշխանական պատգամավորները խնդրում էին գալ նիստերի դահլիճ։ Հիմա գալիս ենք ու սկսում են մարդկանց վիրավորել։ Սա աշխատանքի մթնոլորտ չէ, մեր երկիրը առանց այդ էլ ունի լրջագույն խնդիրներ, սա երկար շարունակվել չի կարող»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթից անմիջապես հետո իշխանական պատգամավորների և ընդդիմության միջև սկսվեց լեզվակռիվ, փոխադարձ վիրավորանքներ հնչեցին, ապա քաշքշոց։ Նիստն ընդմիջվեց։