Պրիգոժինը հրաժարվել է հանձնվել և վայր դնել զենքը. տարածվել է նրա ձայնային հաղորդագրությունը

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հրաժարվել է հանձնվել և վայր դնել զենքը։ Նրա ձայնային հաղորդագրությունը տարածել է Պրիգոժինի լրատվական ծառայությունը։

«Հայրենիքի դավաճանության վերաբերյալ նախագահը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին-խմբ․) չարաչար սխալվել է։ Մենք մեր հայրենիքի հայրենասերներն ենք։ «Վագներ»-ի բոլոր մարտիկները կռվել են և կռվելու են: Եվ ոչ ոք չի պատրաստվում նախագահի, ԱԴԾ-ի կամ մեկ ուրիշի պահանջով մեղայականով գալ։ Մենք չենք ցանկանում, որ երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, խաբեության և բյուրոկրատիայի մեջ»,- հայտարարել է Պրիգոժինը։

Հիշեցնենք, որ «Վագներ» ռազմականացված խմբավորման հիմնադիր ղեկավար Եվգենի Պրիգոժինը մեղադրանքներ է հնչեցրել ՌԴ ռազմական ղեկավարության հասցեին ու երկրում զինված ապստամբության կոչ արել։ Նա հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դիտավորյալ ժամանել է Ռոստով՝ «Վագների» ոչնչացման հատուկ գործողություն իրականացնելու նպատակով։

Դրանից հետո ՌԴ ՊՆն հայտնել է, որ Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսաուղերձները չեն համապատասխանում իրականությանն ու տեղեկատվական սադրանք են։