Վերին Լարսում շահագործման է հանձնվել 15 նոր ուղի

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով։ Այս մասին տեղեկացրել է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակում ՊԵԿ նախագահի տեղակալը Վերին Լարսի անցակետում հանդիպում է ունեցել Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Հունիսի 15-ին շահագործման են հանձնվել 15 նոր ուղիները, ինչի արդյունքում, այս պահի դրությամբ, գործում են 39 ուղիներ, որոնցից 12-ը՝ բեռնատարների համար (6 մուտք և 6 ելք), 24-ը՝ թեթև մարդատար տրանսպորտի համար (12 մուտք և 12 ելք), 2-ը՝ ուղևորատար ավտոբուսների համար և 1 ուղի՝ գերծավալային բեռների համար։

Նոր ուղիների գործարկման արդյունքում անցակետի թողունակությունն արդեն իսկ աճել է 30%-ով և օրական միջինում արդեն ձևակերպում է ստանում մոտ 1,300 բեռնատար, ինչը բերել է անցակետի 2 կողմերում հերթերի վերացմանը։

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Վերին Լարսի կայուն թողունակության ապահովման նպատակով համապատասխան պաշտոնատար անձանց օպերատիվ փոխգործակցության կանոնակարգի առնչությամբ։