Սիրիան և Թուրքիան Ռուսաստանից ստացել են հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի նախագիծ

Ռուսաստանը Սիրիային և Թուրքիային է փոխանցել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի նախագիծը, հայտարարել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։

«Ռուսական կողմը չորս երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո ստանձնել է նախագծի անմիջական նախապատրաստումը հետագա համաձայնեցման համար։ Նման նախագիծ կա, այն փոխանցվել է շահագրգիռ կողմերին։ Այն հանձնվել է Թուրքիային, Դամասկոսին, իրանական կողմն ունի»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ նախագծում կարող են ճշգրտումներ մտցվել, որոնք կառաջարկեն կողմերը:

«Բայց «ճանապարհային քարտեզի» կառուցման հայեցակարգն ընդունված է։ Այն (ճանապարհային քարտեզը – խմբ.) կարող է տարբերվել սկզբնական նախագծից, որն առաջարկել է ռուսական կողմը», – հավելել է Լավրենտևը։