Եթե քո համոզմամբ՝ Արցախն ադրբեջանական էր միջազգային օրենքներով, ինչո՞ւ էիր քառօրյային գնացել Արցախը փրկելու

Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում «քննվող» Նիկոլ Փաշինյանը (տեսնես ո՞վ է այն համարձակը, որ պատասխանատվություն է ստանձնել քննել մեկին, որը միանձնյա իշխանություն ունի ու իր թիմի անդամների վրա բազմաթիվ կոմպրոմատներ) հերթական անգամ իր համակիրների ականջներին լապշա կախելու մաստեր կլաս տվեց՝ նորից ու նորից հերոսանալով տգետ, նախկին իշխանություններից անհեթեթ պատճառներով «աբիժնիկ», պետականության զգացողությունից ու ազգային պատասխանատվությունից զուրկ սպառող զանգվածի աչքին։ Եվ իր ոճին հարիր՝ քննիչ հանձնաժողովի առաջ իր գրավոր ելույթում Փաշինյանը նորից իր կառավարման տարիների բոլոր ձախողումների մեղքը բարդեց ռուսների, մեր նախկին ղեկավարների ու կառավարության անդամների, մի քիչ էլ Ալիևի վրա՝ չքմեղանալով ու փրկչի հագուստով սրբի կերպար ընդունելով։ Միայն թե այդ «սրբին» այդպես էլ չհաջողվեց փրկել Արցախը ադրբեջանական բռնակցումից, Հայաստանի գյուղերն անկլավների անվան տակ թշնամուն հանձնելուց, Հայաստանի պետականությունը և հայ ժողովրդի գոյությունն իր պատմական հայրենիքում սպառնալիքի տակ դնելուց։ Ոչ միայն չփրկեց, այլև իր ամբողջ ուժն ու էներգիան կենտրոնացրեց այդ արհավիրքները ստեղծելու ուղղությամբ, երբ 44-օրյա պատերազմի ավարտը կանխորոշեց ադրբեջանական հաղթանակով՝ զոհաբերելով 5000-ից ավելի տղաների կյանքը, երբ դրանից հետո ողջ բանակցային գործընթացն այն ուղղությամբ զարգացրեց, որ ադրբեջանական առաջխաղացումներն արդեն սողացող պատերազմների ձևով դառնան իրականություն, երբ Արևմուտքի միջնորդությամբ Պրագայում, Վաշինգտոնում, Բրյուսելում հանդիպումների ժամանակ ընդառաջ գնալով Ալիևին՝ համաձայնեց «անկլավներ» զիջելու պահանջին։

Այսօր Փաշինյանի ելույթը ոչ մի նորությամբ աչքի չընկավ․ իր բոլոր մահացու մեղքերից նետերը շեղելու համար նա կրկին նախկինների «մեղքերն» էր հիշատակում՝ ակնարկելով, թե իր կառավարման տարիներին թույլ տված ձախողումները նախկինների սխալների հետևանքն ու շարունակությունն էին։ Մի խոսքով, այսօր ևս մարդկանց մանիպուլացնելու տեխնոլոգիաներին տիրապետող Նիկոլը լաց եղավ՝ իր խոսքին ականջ դնող հանրույթին ասելու հիմք տալու, թե «նախկինները ամեն ինչ գցեցին խեղճ Նիկոլի գրպանը»։ Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմը ոչ թե ինքը հրահրեց, այլ այն քառօրյա «չավարտված» պատերազմի տրամաբանական և անխուսափելի շարունակությունն էր, որ Արցախն Ադրբեջանին բռնակցելը Ռոբերտ Քոչարյանի բանակցային սխալ գործընթացի հետևանք էր, և որ իբր ՀՀ երկրորդ նախագահն ի սկզբանե փակ դռների հետևում քննարկել և ընդունելի է համարել Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում։ Մինչդեռ իբրև «պետական քարոզչության մակարդակում հակառակի մասին էր խոսվում, և հենց այս ընթացքում հեռուստաընկերությունները և Հանրային հեռուստաընկերությունը «Եղանակի տեսության» ժամանակ սկսել էին օգտագործել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի և հարակից 7 շրջանների միասնական քարտեզը, ինչպես նաև՝ ԼՂ հարակից շրջանների անվանափոխությունը: Ահա այսպես, «գրավված»` այս ձևակերպումը Լևոն Տեր-Պետրոսյանինն է, կամ՝ «օկուպացված»՝ ձևակերպումը Վարդան Օսկանյանին է, տարածքները դարձան ազատագրված, ազատագրված տարածքները դարձան հայրենիք, բայց այսպես էր միայն հեռուստացույցի էկրաններին»։ Մի ասող լինի, այ սրիկա, այն, որ Արցախն ազատ էր ու առանց խոչընդոտների բոլորը կարողանում էինք գնալ Արցախ ու անվնաս վերադառնալ, որ Հայաստանի ու Արցախի միջև ամուր ու հուսալի տնտեսական, ռազմական, մշակութային, գիտական կապ էր հաստատվել Արցախն ազատագրելուց ի վեր՝ մինչև այն քո կոտրած ձեռքով թշնամուն նվիրելը, նորի՞ց միայն հեռուստացույցի էկրաններին էր, թե իրական կյանքում։ Այդ դեպքում ինչո՞ւ էիր քառօրյա պատերազմի ժամանակ կապիտան Շվեյկի կերպարով պատերազմն ավարտվելու օրերին մեկնել Գորիս ու ներկայացրել, իբրև գնացել ես Արցախը թշնամու հարձակումից փրկելու։ Բա եթե քո ասելով այն իրականում միջազգայնորեն ճանաչված օրենքներով Ադրբեջանի կազմում էր, ինչպե՞ս էիր համարձակվել հագնել կամուֆլյաժը ու դեմ դուրս գալ քո սիրած միջազգային օրենքներին։

Հենց այս քարոզչական մակարդակով պաշտոնական Բաքուն սկսեց Արցախն ու Հայաստանի գյուղերը գրավելու գործընթացը՝ տարբեր պաշտոնական ու հեղինակավոր հեռուստաալիքներով ցուցադրելով անհասկանալի քարտեզներ, որոնցում Արցախը, Սյունիքը, Հայաստանի ինքնավար տարածքներից շատերը Ադրբեջանի սահմանագծից ներս են։ Իսկ արդեն քարոզչական մակարդակից թեման անցավ դիվանագիտականի՝ ռազմականի վերածվելու սպառնալիքով։ Նույն հաջողությամբ Հայաստանում այդ գործընթացն անցել էր դիվանագիտական մակարդակի, և եթե Նիկոլը չգար իշխանության ու Արցախի խնդրի կարգավորումը չսկսեր իր զրոյական կետից, ապա երկրորդ նախագահի սկսած ու հետագայում երրորդ նախագահի զարգացրած բանակցային գործընթացը կտար իր պտուղները։

Թագուհի Ասլանյան