Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները․ «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացնում է համառոտ տեղեկություններ՝ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանական բանակի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները կատարել են կրակային խոցման առաջադրանքներ։ Ադրբեջանում ներկայացվել են ռազմական նշանակության սեփական արտադրանքի նմուշներ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները նշել են 48 անվանում արտադրանքի մասին՝ հրազեն, զինամթերքներ, օպտիկական նշանոցներ, պիրոտեխնիկական միջոցներ, անօդաչու թռչող սարքեր։

Թուրքիայում տեղի են ունեցել «Անատոլիական փյունիկ-2023» (Anadolu Ankası -2023) միջազգային զորավարժությունները, որոնց ժամանակ մշակվել են ռազմական պարեկախմբի պաշտպանության, մարտական գործողությունների գոտուց վիրավորների տարհանման, պարաշյուտով դեսանտի իջեցման սցենարներ, գործադրվել են ռեակտիվ ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ։ Վարժանքներին մասնակցել են զինվորականներ Ադրբեջանից։

Թուրքիայի նորանշանակ պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը երկկողմ հանդիպում է ունեցել Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում նշել է, թե Ադրբեջանի բանակն ավելի առաջ տանելու համար իրենք շարունակելու են ՆԱՏՕ-ի ստանդարտներով մեր համատեղ վարժանքները։

Զաքիր Հասանովն անցկացրել է ռազմական գերատեսչության կոլեգիայի նիստ՝ նվիրված 2023 թ․-ի առաջին կիսամյակի արդյունքներին։ Նա ընդգծել է բանակաշինության ոլորտում բարեփոխումների դրական արդյունքները, մասնավորապես, ադրբեջանական բանակի՝ Թուրքիայի ԶՈւ մոդելով զարգացման գործում։

Նշվել է, որ hանդիպման ընթացքում վերլուծվել է օպերատիվ իրավիճակը Հայաստանի հետ սահմանին և Արցախում։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Հասանովը հրամայել է կանխել, իբր, «Հայաստանի ԶՈՒ-ի և Արցախի ՊԲ սադրանքները»։ 

Հայ-ադրբեջանական հարաբերություններում ընթացող զարգացումների մասին

Հունիսի 13-ին ադրբեջանական ուժերը կրակ են բացել Երասխում ամերիկյան ներդրումների միջոցով կառուցվող գործարանի ուղղությամբ, որի հետևանքով Հնդկաստանի 2 քաղաքացի է վիրավորվել: Շաբաթվա ընթացքում ադրբեջանական ուժերը շարունակել են կրակ բացել գործարանի ուղղությամբ։

Երասխ են այցելել մոտ 40 երկրի դեսպաններ, ռազմական կցորդներ ու դիվանագետներ՝ տեղում ծանոթանալու հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածից հնչած կրակոցների առաջացրած հետևանքներին։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, թե մտահոգված են Ադրբեջանի կրակոցներից ՀՀ-ում ԱՄՆ-ին առընթեր ընկերության 2 աշխատակցի վիրավորվելու հանգամանքով։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել զինված միջադեպերի առիթով, որոնք տեղի են ունեցել վերջին Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանի մի քանի կետերում, ներառյալ Հայաստանի տարածքում՝ Երասխում քաղաքացիական անձանց գնդակոծությունը։ Ֆրանսիան զսպվածության, լիցքաթափման և քաղաքացիական բնակչության պաշտպանության կոչ է արել։

Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:

Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: Կասեցվել է նաև հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, թե ԵՄ-ն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին. Բոլոր հատվածներում կրակոցները պետք է դադարեն:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քատրին Կոլոնան հայտարարել է, թե ոչ մի երկիր այնքան ջանքեր չի գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար խաղաղության հասնելու համար, որքան Ֆրանսիան։

Ամերիկյան «Philos Project» կազմակերպության պատվիրակությունը Ջերմուկում քննարկել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքները։ ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է միասին աշխատել ՝ եղած տարաձայնությունները հաղթահարելու համար։

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, թե Թբիլիսին պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել Երևանի և Բաքվի միջեւ։ ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելությունը թվիթերյան միկրոբլոգում գրել է, թե ենց սկզբից առաքելությունն ամբողջապես թափանցիկ է իր՝ առավելագույնը 103 հոգանոց միջազգային անձնակազմով 6 հանգույցից աշխատելու ծրագրի հարցում:

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, թե Ռուսաստանին անհանգստացնում են տվյալներն այն մասին, որ Վաշինգտոնը փորձում է միջնորդական ծառայություններ պարտադրել Բաքվին և Ստեփանակերտին, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, նշել է, թե կան շատ մարդիկ, որոնք ցանկանում են դրսից մոդերացնել գործընթացը. այժմ ապշեցուցիչ լուրեր կան, որ ԱՄՆ-ը կարող է դրա համար կիրառել ուժային մեթոդներ:

Ի պատասխան Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք օպերատիվ կենտրոնների բացման մասին հարցին Զախարովան նշել է, թե տեղյակ են Հայաստանում իր ներկայությունն ուժեղացնելու ԵՄ հայտարարած ծրագրերին, որոնց համար առաջիկայում կբացվեն Հայաստանում ԵՄ «դիտորդական» առաքելության երեք նոր կետերը Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում։

ԱՄՆ պետքարտուղարությանը նշել է, թե իրենք կողջունեն ցանկացած երկխոսություն, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության պաշտպանությանը։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, թե Ադրբեջանը վտանգի տակ է դնում ընթացող խաղաղության բանակցությունները և Կովկասում հետագա ապակայունացման ռիսկ ստեղծում հայկական տարածքում իր հարձակումների միջոցով:

Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսևորի խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ «Հայաստանն այն, ինչ պաշտոնապես հայտարարել է, պետք է ամրապնդի թղթի վրա, այն է՝ այն փաստը, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- ասել է նա։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը Ալիևի հետ հանդիպման ժամանակ նշել է, թե Պակիստանը Հայաստանի հետ հարաբերություններ չունի և կարող է վերականգնել իր հարաբերությունները միայն Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ գործընկերությունը «նույնիսկ նվազագույն չափով չի ազդել Եվրամիության և դրա դիրքորոշման վրա՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության հետ։

ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի Ադրբեջանի հարցերով զեկուցողներ Յան Լիդել-Գրեյնջերը և Լիզ Քրիստոֆերսենը ողջունել են Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացի առաջընթացը:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել է, որ Ադրբեջան այցի ժամանակ Ալիևի հետ քննարկել են Հայաստան–Ադրբեջան և Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացները։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ալիևը Բաքվում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ բանակցությունների ժամանակ շնորհակալություն է հայտնել Պակիստանին Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանին ուժեղ աջակցություն ցուցաբերելու համար ու ընդգծել, որ Ադրբեջանը միշտ աջակցելու է Պակիստանին Քաշմիրի հարցում։

Պակիստանի վարչապետն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Քաշմիրի հարցում աջակցության համար և ավելացրել, որ Պակիստանը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ «Ադրբեջանական բանակը վերադարձրեց Ղարաբաղը։ Մեր պարտքն էր օգնել Ադրբեջանին դրանում, և Պակիստանն արեց դա»,- խոստովանել է Պակիստանի վարչապետը։

«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) կայքը հրապարակել է տիեզերական լուսանկարներ, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը։

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը, նշել է, թե ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ։ Ըստ աղբյուրի՝ նման շփումից հրաժարվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը սպառնում են տարածաշրջանում ադրբեջանական «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելով։

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որը հայտարարել է Արցախը որպես Ադրբեջանի մաս։

Էրդողանը հայտարարել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո Փաշինյանն իր խոսքից հետ չի կանգնում։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացել։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լաչինում բացվել է ընտանեկան առողջության կենտրոն: Կենտրոնում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները բնակչությանը բժշկական ծառայություններ մատուցելու համար։

Բուժաշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ հունիսի 17-ին Ադրբեջանի ՊՆ-ն կազմակերպել է մեդիա շրջայց Ղարաբաղում տեղակայված ռազմաբժշկական հաստատություններ։ 

Լաչինի միջանցքի փակման մասին

Բելգիայի Ֆլամանական խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովում Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունվել՝ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ բացման և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջներով։

Բորելը հայտարարել է, թե Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու Բաքվի միակողմանի որոշումը հակասում է խաղաղության ջանքերին։ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ ղեկավարությանը՝ իր լծակներով վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը: 

Տարածաշրջանային ծրագրերի մասին

Իլհամ Ալիևն Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի բացման անխուսափելիության մասին»։ Էրդողանն էլ հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացմանը խանգարում է Իրանը, ոչ թե Հայաստանը։ «Մեզ ու Ադրբեջանին տխրեցնում է, որ մուսուլմանական երկիր Իրանն է խանգարում «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։ Հուսով եմ այդ հարցն էլ կհաղթահարենք»,– ասել է Թուրքիայի նախագահը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հունիսի 23-ից Ադրբեջանի միջազգային օդանավակայաններում Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը դադարեցվել է։ Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն հայտարարել է, թե Հունգարիան հույս ունի մոտ ապագայում ադրբեջանական գազ ստանալ։ Նրա խոսքով՝ Բուդապեշտը դիմել է ԵՄ-ին այս հարցում օգնության խնդրանքով, սակայն աջակցություն չի ստացել։