Այն, ինչ մերժել են զիջել նախկինները, Փաշինյանը տալիս է «պատերազմով» (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն է։ 

Էդուարդ Շարմազանովի հետ անդրադարձ է կատարվել այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի մի շարք դրվագներին, մասնավորապես Փաշինյանի ցուցմունքի այն հատվածին, որտեղ նա ներկայացնում էր 2020 թ հոկտեմբերի 19-ի հանգամանքները, պատերազմի պարտության պատճառները և բանակցային գործընթացի մանրամասների յուրովի մեկնաբանությանը։

Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանը փորձում է պարտության և կապիտուլյացիայի դաջվածքն իր ճակատից հանել և տեղադրել բոլորի ճակատին, «բայց դա չի ստացվելու։ Չի ստացվելու, որովհետև առաջինը՝ կան մարդիկ, որոնք այլ իրականություն են տեսել, կան մարդիկ, որոնք կալանավորումից, ձերբակալություններից, նոր քրեական գործերից չեն վախենում, խոսելու են և ճշմարտությունն են հասցնելու հանրությանը, և ի վերջո մեր հանրությունը գալու է ճշմարտության, և էդ նիկոլական մանիպուլյացիաներն ավարտվելու են»։

Ըստ քաղաքական գործչի՝ այն, որ ինքը խոսում է, մեղավորը մենք ենք, այսօր մեր բոլորի խնդիրն է ոչ թե բանավեճի մեջ մտնել Փաշինյանի և նրա թիմի հետ, ովքեր իրականությունը երբեք չեն ներկայացնում, այլ գործի անցնել և հեռացնել դավաճաններին։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 19-ին, Փաշինյանի նախանշած հանդիպմանը մասնակցել է նաև ինքը, և վերջինս այսօրվա ուղիղ եթերում ներկայացվածը լկտի սուտ որակեց, ընդգծելով, որ մանրամասն նշումներ ունի կատարած այդ օրվա հանդիպումից, որոնք փաստում են Փաշինյանի հերթական ստերն ու մանիպուլյացիաները․ «Հոկտեմբերի 19-ին մեզ հետ հանդիպմանն արդեն ինքն ընդունել էր, որ պատերազմը պարտված է, տանուլ տված է, և որևէ բան փոխել հնարավոր չէ։ Այսինքն՝ մի մարդ, որն ընդունել է, որ պատերազմը պարտված է, դրանից հետո էլի տղաներին ուղարկել է պատերազմ, և հոկտեմբերի 19-ից հետո ով զոհվել է՝ Նիկոլ Փաշինյանի մեղքերի արդյունքում»։ Բանախոսը մի շարք մանրամասներ ներկայացրեց 2020 թ․ հոկտեմբերի 19-ի հանդիպումից և ընդգծեց, որ հոկտեմբերի 19-ի զինադադարի արդյունքում իրականությունը կլիներ բոլորովին այլ, շատ ավելի նպաստավոր և առանց այդքան շատ զոհերի։

Շարմազանովը խոսելով նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման մասին՝ ընդգծեց, որ այդ կալանավորումը խոսում է իր վախերի և մանր վրեժխնդրության մասին, դա նպատակ ունի վախեցնել և լռեցնել հասարակության ազգային հատվածին, որոնք տեսնելով  Աշոտյանի կալանավորումը, կարող է վախենան․ «Աշոտյանին բռնելով՝ ուզում են վախեցնել Շարմազանովին, վախեցնել ձեզ․․․ գիտեք՝ վախը նորմալ զգացում է, բայց նիկոլի կողմից հալածվելը՝ ոնց որ Ներոնի կողմից Պողոսն ու Պետրոսը հալածվեին․․․ իսկ մենք հալածվում ենք մեր երկրի թշնամու կողմից ինչի՞ համար․․․ որ ուզում ենք Արցախը մնա հայկական, որ Հայաստանը մնա անկախ․․․ Սա տեսակի կռիվ է, Հայկի և Բելի կռիվ է, տվյալ դեպքում Հայկի մարմնավորողը մեր Արմենն է Աշոտյան, Նիկոլն էլ Բելն է, բայց Արմենն այնտեղ ավելի է ամրանալու, ավելի է ուժեղանալու, մեր կուսակցության բոլոր լիդերներն էլ են նստել․․․ հետո կգա, և ես հուսով եմ, որ մինչ իր գալը նիկոլն այլևս իշխանության չի լինի, վատագույն դեպքում կգա և կմասնակցի և կլինի առաջնորդներից մեկը նիկոլին ճամփելու գործընթացին․․․ փակագծեր բացեմ․ 2018-ին նախագահը մեզ հրավիրել է, նստել ենք, խոսել ենք, ասել է՝ սա ընդդիմություն է, և այս դեպքում շատ բարդ պայքար է սպասվում, տարիների պայքար է սպասվում, մեզ կարան բռնեն էլ, ունեզրկեն էլ, կալանավորել էլ, պատրա՞ստ եք էդ պայքարին ․․․ ոմանք լուռ հեռացել են, Աստված իրենց պահապան, ոմանք էլ Արմենի նման մնացել էլ են խրամատում ու նախագահ Սարգսյանի գլխավորությամբ պայքարելու են։ Մենք հրամանատար փոխող չենք, մենք Հայրենիք փոխող չենք, մենք սկզբունք փոխող չենք, և մենք Արցախն ու Հայաստանը 30 արծաթով հանող չենք, ոնց որ Նիկոլն է անում»։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում