ԵԽԽՎ-ում տապալվել են Ադրբեջանի պատվիրակության ջանքերը․ Լաչինի միջանցքի հարցը ներառվել է օրակարգ

Ադրբեջանի պատվիրակության ջանքերը՝ տապալել Լաչինի միջանցքի հարցի ներառումը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում, տապալվեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Ճնշող մեծամասնությամբ ԵԽԽՎ-ն ընդգրկեց այս հարցը ընթացող նստաշրջանի օրակարգում։ Հրատապ թեմայով քննարկումը կկայանա այս հինգշաբթի»,- գրել է պատգամավորը։

Նշենք, որ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման հարցը ԵԽԽՎ-ում կքննարկվի հրատապ կարգով։ Քննարկումը նախատեսված է հունիսի 22-ին։

Երբ օրակարգն էր հաստատվում, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը դեմ է արտահայտվել՝ փորձելով տապալել հարցի քննարկումը։ Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը պնդել է քննարկման անհրաժեշտությունը։ Հարցն օրակարգ է մտել քվեարկությամբ՝ 73 կողմ, 15 դեմ, 6 ձեռնպահ։