Արցախի պետական համակարգն ամբողջապես անցել է խնայողության ռեժիմի․ պետնախարար (տեսանյութ)

Արցախի Հանրապետության պետական համակարգը երեկվանից ամբողջապես անցել է խնայողության ռեժիմի։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

Նա նախ հիշեցրեց, որ երեկվանից Ադրբեջանն ամբղջությամբ  արգելափակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, դադարեցված են ինչպես ռուսական խաղաղապահ ուժերի կողմից իրականացվող հումանիտար բեռնափոխադրումները, այնպես էլ հիվանդներին պատշաճ բուժօգնություն ապահովելու նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով նրանց ՀՀ տեղափոխելու գործընթացը։
«Այս հանգամանքը հաշվի առնելով՝ պետական համակարգը երեկվանից ամբողջապես անց է կացվել խնայողության ռեժիմի, հանրային սպասարկումն ապահովող ծառայություններին տրվել են համապատասխան հանձնարարություններ, կիրառվում են սահմանափակումներ։ Նկատի ունենալով իրավիճակը՝ գործող մոտեցումներում արագորեն կատարել ենք վերանայումներ։

Պետական կառավարման համակարգի ղեկավար կազմին խնդրում եմ վառելիքի եւ նմանատիպ այլ հարցերով դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, դադարեցնել կամ նվազագույնի հասցնել ծառայողական մեքենաների օգտագործումը:

Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները կապահովեն անհրաժեշտ պարագաներով, բնակչությանը սննդի, հացի մատակարարման գործընթացը  կազմակերպելու համար:

Առողջապահության նախարարությանը կապահովենք անհետաձգելի բուժօգնությունը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմաններով:

Առավելագույն չափով փորձելու ենք աջակցել գյուղատնտեսական աշխատանքների իրականացման  ընթացքին, որպեսզի պահպանենք դրանց անընդհատությունը: Այդ գործընթացն իրականացվելու է գյուղատնտեսության նախարարի անմիջական համակարգմամբ ու ղեկավարմամբ:

Կշարունակեն գործել հասարակական տրանսպորտը, կկազմակերպվեն միջշրջանային երթերը»,-ասաց պետնախարարը:

Գ. Ներսիսյանը վերջում ընդգծեց. «Ես այս ամենը չեմ ներկայացում խուճապի մատնվելու համար։ Հատկապես վերջին շրջանում մենք  համբերատար պատրաստվել ենք այսպիսի իրավիճակների, գյուղացիական տնտեսություններն  ունակ են որոշակիորեն մեղմելու ստեղծված խնդիրները ու ապահովելու ինքնաբավության թեկուզ նվազ հնարավորություն, բայց բոլոր դեպքերում պետք է լինել կազմակերպված, հավասարակշռված ու զգոն»։

Մանրամասները՝ տեսանյութում