Ադրբեջանի նպատակը Երասխում գործարանի կառուցումը խոչընդոտելն է. Արարատի մարզպետը՝ դիվանագետներին (տեսանյութ)

Ադրբեջանի բոլոր գործողությունները միտում ունեն խանգարել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնականոն զարգացմանը: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Երասխ գյուղում Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներին հայտնեց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը՝ անդրադառնալով հունիսի 13-ին տեղի ունեցած դեպքին, երբ Ադրբեջանը կրակ էր բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ և վիրավորել երկու հնդիկ աշխատակիցների:

«Իրենց պնդումները, թե ինչ-որ բնապահպանական խնդիրներ կան, ես վստահեցնում եմ, որ որևէ խնդիր չունենք: Սա միտում է, որ մեր սահմանամերձ բնակավայրերն ուղղակի չզարգանան: Ակնհայտ է, որ նրանց նպատակն այն է, որ գործարանը չկառուցվի: Դուք բոլորդ դա տեսնում եք: Միջազգային գործընկերներին հրավիրել ենք, որ իրենք էլ իրենց ներդրումն ունենան այս հարցի լուծման գործում: Գործարանում դեռ կառուցման աշխատանքներ են գնում, հետևաբար, չեն կարող բնապահպանական խնդիրներ լինել առնվազն այս պահին:  Ընդ որում, գործարանի կառուցման ներդրումները գալիս են ԱՄՆ-ից: Խոսքը 70 և ավելի մլն դոլարի ներդրման մասին է:

Այս պահին գործարանում 200 մարդ է աշխատում, բայց այն շահագործման հանձնվելուց հետո մոտ հազար մարդ կաշխատի»,-ընդգծեց մարզպետը:

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ  հայտարարել էր, որ հունիսի 13-ին, ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ։

Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում: