Սերժ Սարգսյանի որդեգրած ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը Նիկոլը վիժեցրեց ու օրակարգ դարձրեց տարածքային ամբողջականության սկզբունքը՝ Արցախից հրաժարվելով

Եթե մինչև Հայաստանում իրականացված կործանարար գունավոր հեղափոխությունը Արցախի խնդրի կարգավորման հարցերում ներգրավված միջազգային հանրությունը՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահող բոլոր երկրներով հանդերձ, ընդունում էր, որ ԼՂ հարցի կարգավորումը պետք է հիմնված լինի ինքնորոշման իրավունքի իրացման վրա, ապա Փաշինյանի թեթև ձեռքով ինքնորոշման իրավունքը դուրս մղվեց օրակարգից՝ տեղը զիջելով տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքին։ Իսկ դա, ինչպես արդեն բացահայտ ներկայացնում է Հայաստանի ինքնակոչ վարչապետը, ամբողջական Արցախի ճանաչումն է Ադրբեջանի կազմում՝ արցախահայերի իրավունքների ու անվտանգության ապահովման երաշխիքներով և ադրբեջանցի այսպես կոչված փախստականների վերաբնակեցումը Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող բնակավայրերում։ Ահա թե ինչպիսի շրջադարձ եղավ մեզ համար 2018 թվականին այս պատուհասին լիիրավ իշխանություն տալու հետևանքով։ Իսկ այսօր եռանախագահող երկրներից որևէ մեկն այլևս չի խոսում Հայաստանի շահերից բխող որևէ պահանջից, քանի որ հենց ՀՀ իշխանություններն են նրանց դրդում առաջնային համարել մեր թշնամու շահերը, բացի դա՝ ամեն ինչ վկայում է, որ ՀՀ իշխանությունները ադրբեջանաթուրքական իշխանությունների կամակատարի դերն են հոժարակամ ստանձնել։

Ապացույցը վերջերս ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունն էր, որով նա իր լիարժեք աջակցությունն էր հայտնում Ադրբեջանի նվաճողական նկրտումներին։ Հիշում եք, որ մայիսի 28-ին Լաչինում Իլհամ Ալիևը հայտարարեց, թե «Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին»։ Ալիևը նաև նշել է, որ բոլոր ԼՂ նախագահները, նախարարները, պատգամավորները պետք է լքեն իրենց պաշտոնները և «հանձնվեն», «միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք լինել ինչ-որ համաներման մասին»։

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունեց Իլհամ Ալիևի հոխորտանքը՝ այն համարելով մեծահոգության դրսևորում։ Պետքարտուղարության հայտարարության մեջ ասվում է, թե իրենք ուրախ են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են, որոնք կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղության։ Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է։ «Վերջերս մենք բարձր ենք գնահատել վարչապետ Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը, և մենք ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներում քննարկելու մասին»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հայտարարությունում։ Եվ ոչ մի ակնարկ անգամ այն մասին, որ այդ հայտարարությունն իսկական ագրեսիայի դրսևորում է, որով Ալիևը անտեսում է երբեմնի ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների կամքը, ինչը տևական բանակցությունների արդյունք էր։ Իսկ այդ կամքի հիմքում, ինչպես նշեցի, Արցախի ինքնորոշման իրավունքն էր, և տևական ժամանակ թե ՀՀ երկրորդ, թե երրորդ նախագահները ջանքերն ուղղում էին, ոպեսզի ադրբեջանական իշխանությունները բանակցությունների սեղանի շուրջ ի վերջո համաձայնեն կատարելու այդ պահանջը և հրաժարվելու երբևէ Արցախն Ադրբեջանին բռնակցելու մտքից։ Ճիշտ է՝ մեկ անգամ՝ 2016 թվականին, Իլհամը փորձ արեց խաթարելու բանակցային գործընթացը և պատերազմով վճռելու Արցախի ճակատագիրը, սակայն այդ փորձը ձախողելուց հետո սկսեց մտածել նման հնարավորության մասին։ Այլապես ինչու պետք է խոստովաներ իր ժողովրդին, որ կուլիսների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի պետականությունը՝ թերևա դրանով իր հոտին նախապատրաստելով մոտալուտ նահանջին։ Ճիշտ նույն տեխնոլոգիան կիրառեց ու կիրառում է ՀՀ-ում իշխանությունը զավթած Փաշինյանը՝ դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ հայտարարելով, թե ինչ էլ լինի՝ մենք չպետք է հուսահատվենք՝ նկատի ունենալով պայմանավորված պարտությունը։ Հետո հաջորդեց Արցախի պահանջատիրության հարցում նշաձողն իջեցնելու մասին օվերտոնյան պատուհանի բացումը, հիմա էլ արդիական է արդեն հայ ժողովրդին անկլավների գաղափարին համակերպվել տալու ծրագիրը։

Բայց վերադառնանք ԱՄՆ պետքարտուղարության արձագանքին Ալիևի նվաճողական նկրտումներին։ ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունեց Ալիևի հայտարարությունը համաներման ու Արցախի պետական ինստիտուտները լուծարելու վերաբերյալ, կարծես թե ինքը չէր այն եռանախագահող երկրներից մեկը, որը 15 և ավելի տարիներ շարունակ պնդում էր, որ Արցախյան հարցը պետք է լուծվի հելսինկյան եզրափակիչ ակտի 3 սկզբունքների հիման վրա, որոնցից մեկը ինքնորոշման իրավունքի իրացումն է։

Ըստ այդ փաստաթղթի՝ մասնակից պետությունները հավասարապես ձեռնպահ պետք է մնան միմյանց տարածքները զինված գրավման կամ ուժի կիրառման ուղղակի կամ անուղղակի այլ միջոցառումների օբյեկտի վերածելուց կամ նման միջոցառումների կամ դրանց սպառնալիքի միջոցով բռնակցման օբյեկտի վերածելուց: Ոչ մի գրավում կամ այդ կարգի բռնակցում օրինական չի ճանաչվի: Այնինչ հավաքական Արևմուտքը և մասնավորապես երբեմնի եռանախագահող երկիր ԱՄՆ-ը աչք են փակում Ադրբեջանի կողմից այդ սկզբունքի ոտնահարման վրա, քանի որ 2020 թվականի արցախյան պատերազմը և դրանից հետո ծավալվող գործընթացները խաղաղության պայմանագրի շուրջ ինքնորոշման իրավունքը նվաճած ժողովրդի դեմ ուժի կիրառման ու այդ ժողովրդի պետությունը ագրեսոր պետությանը բռնակցելու վառ դրսևորում է։

Ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքների սկզբունքի վերաբերյալ այս փաստաթղթում նշված է, որ մասնակից պետությունները պետք է հարգեն ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը՝ մշտապես գործելով ըստ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համապատասխան նորմերի՝ ներառյալ նրանք, որոնք վերաբերում են պետությունների տարածքային ամբողջականությանը․ «Ելնելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքից՝ բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն լիակատար ազատության պայմաններում երբ և ինչպես նրանք ցանկանում են, որոշել իրենց ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակը՝ առանց արտաքին միջամտության, և սեփական հայեցողությամբ իրականացնել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը: Մասնակից պետությունները վերահաստատում են ժողովուրդների իրավահավասարության, ինքնորոշման իրավունքի հարգման և արդյունավետ իրականացման համընդհանուր նշանակությունը՝ նրանց միջև, ինչպես նաև բոլոր պետությունների միջև բարեկամական հարաբերություններ զարգացնելու համար»։

Արցախն իր ինքնորոշման իրավունքն իրացրեց նախ խորհրդային օրենսդրության համաձայն, ինչի շնորհիվ, ի տարբերություն հետխորհրդային մյուս երկրների, որոնք նմանատիպ խնդիրների առաջ էին հայտնվել, ընկալվեց որպես ինքնորոշման իրավունքը իրացնող ժողովուրդ։ ԵԱՀԿ ստամբուլյան հռչակագրում էլ արձանագրվեց, որ այդ կոնֆլիկտը չի որոշվելու տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ Հետագայում երբ բանակցային սեղանի վրա դրվեցին Մադրիդյան սկզբունքները, ստամբուլյան հռչակագրի արձանագրությունը հաշվի առնվեց եռանախագահողների կողմից՝ այդ թվում ԱՄՆ-ի, ինչպես նաև ընդունվեց Ադրբեջանի կողմից։

Հայաստանի նախկին իշխանությունների կողմից բանակցային գործընթացի վերջնանպատակը հենց սա էր, որպեսզի Արցախի ժողովուրդը աշխարհին պարտադրել տա, որ ընդունեն իրենց ինքնորոշման իրավունքը և Արցախը ճանաչեն որպես պետականություն ունեցող սուբյեկտ։ ՀՀ երրորդ նախագահ Սեժ Սարգսյանը սա իր կյանքի գործն էր համարում, և անգամ 2018 թվականի ընտրություններին այնուամենայնիվ վարչապետության իր թեկնածությունը դնելով՝ այդ քայլը հիմնավորեց սկսած գործն ավարտին հասցնելու նպատակով։ Նա մտավախություն ուներ, որ այլ ղեկավար կարող էր տանուլ տալ այդ գործը և ջուրը գցել երկարատև տարիների իրականացրած աշխատանքը։ Ցավոք, Սերժ Սարգսյանի մտավախություններն իրականացան վատագույն սցենարով։ Արդյո՞ք 2018-ին իրեն մերժելով՝ հայ ժողովուրդը հենց այսօրվա ու վաղվա անապագա Հայաստանն էր ընտրել։ Իհարկե՝ ոչ։ Եվ դա են վկայում Փաշինյանի գործունեությանը վերաբերող վերջին ու բավականին թարմ հարցման տվյալները՝ «Գելափ» կազմակերպության նախաձեռնությամբ, որոնց համաձայն՝ հարցմանը մասնակցածների 81 տոկոսը բացասական է գնահատել Փաշինյանի հայտարարությունը 86, 600 քառ․ կմ կազմող Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, որի մեջ ներառվում են Արցախը և ՀՀ գյուղերը։

Արցախի ինքնորոշման իրավունքն իրացնելու խոստումով իշխանությունը զավթած, իսկ հետո էլ Արցախը՝ Հայաստան է և վերջ լոզունգներով Ադրբեջանի ջրաղացին ջուր լցրած ՀՀ դավաճան իշխանությունը ջանք ու եռանդ չխնայեց, ոպեսզի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը սահուն ձևով դուրս մղվի օրակարգից ու գերակա դառնա հենց տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Հայ ժողովուրդը գիտակցեց իր խաբված լինելը ու մերժեց Նիկոլին վերջին հարցման արդյունքներով։ Այժմ մնում է հոգեբանական մերժումը վերածել ֆիզիկական գործողությունների։ Մնում է հուսալ, որ վերջին հինգ տարիների պատմական ընթացքը լավ դաս կլինի հայ ժողովրդի համար և նրանք ի վերջո կտարբերակեն օտարերկրյա շահերը սպասարկող գործակալներին պետականանպաստ նպատակներ ունեցող իշխանություններից՝ դատելով իրենց քայլերից ու մտահոգություններից։

Թագուհի Ասլանյան