Գյումրու զարգացման ռազմավարության մշակման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվում՝ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ

ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրու զարգացման ռազմավարության մշակման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել։ Այս մասին որոշում է հրապարակվել կառավարության պաշտոնական կայքէջում։

Աշխատանքային խումբը կազմված է 10 անդամից։ Խմբի նախագահն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Աշխատանքային խմբի կազմում են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը և այլք։

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի անդամ է։

Հավելենք, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում հաճախ բարձրացվում է նաև Գյումրի-Կարս երկաթգծի հարցը, որի հայաստանյան հատվածի վերականգնման աշխատանքները կարժենան մոտ 17 մլն դոլար: