ԱՄՆ Պետդեպարտամենտը նշել է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Կոսովոյի անդամակցության պայմանը

Չճանաչված Կոսովոյի իշխանությունները պետք է դուրս բերեն ոստիկանությանը սերբական մեծամասնություն ունեցող շրջաններից, որպեսզի նվազեցնեն լարվածությունը, իսկ հետո անցկացնեն նոր մունիցիպալ ընտրություններ, որոնց կմասնակցեն սերբերը։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Գաբրիել Էսկոբարը, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով՝ Պրիշտինան պետք է գնա այդ քայլին, եթե պատրաստվում է հետագայում ևս գնալ Եվրամիություն և Հյուսիսատլանտյան դաշինք:

«Եթե Կոսովոն ցանկանում է շարժվել եվրատլանտյան ինտեգրման ուղղությամբ, ապա ստիպված կլինի սերբական մունիցիպալիտետների ասոցիացիա ստեղծել»,-հավելել է նա։

Ինչպես նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, դա այսպես թե այնպես տեղի կունենա, և հարցը միայն այն է, թե այդ քայլին կգնա Կոսովոյի ներկայիս կառավարությունը, թե չճանաչված տարածաշրջանի հաջորդ ղեկավարությունը: Նա նաև հավելել է, որ Սերբիայից պահանջվում է ապահովել սերբերի մասնակցությունը նոր քաղաքային ընտրություններին: