Հայ-չեխական ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ կստեղծվի

Կստեղծվի ռազմատեխնիկական համագործակցության հայ-չեխական աշխատանքային խումբ։ Այս մասին Ազգային ժողովում պաշտպանության և անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ, հունիսի 7-ին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունները Չեխիայի Հանրապետության և Հայաստանի միջև արդյունավետորեն զարգանում են վերջինի անկախության ձեռքբերման պահից։ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համագործակցության ընդլայնմամբ և խորացմամբ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և շատ այլ ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Ընդ որում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով։ «Հայ-չեխական համագործակցությունն ունի արդյունավետ զարգացման պոտենցիալ  և Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության, և «Արևելյան գործընկերության» շրջանակներում»,- նշել է Սարգսյանը։

Համաձայնագրի վավերացումը, պաշտպանության նախարարության ներկայացուցչի հավաստիացմամբ, կնպաստի կողմերի ընդհանուր համագործակցության զարգացմանը և խորացմանը ռազմատեխնիկական ոլորտում։ Այն թույլ կտա ընդլայնել և ամրապնդել համագործակցությունը քաղաքական, ռազմական և տնտեսական ոլորտներում։

Համեմատաբար կարճ քննարկումներից հետո նախաձեռնությունն ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։