Սահմանազատման վերաբերյալ կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի կատարողականի զեկուցման ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Բայց կա պարտավորություն և հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ։ Անցած տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում սրա շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Որ քարտեզով` պայմանավորվածություն չկա»,– ասաց արտգործնախարարը։

Նա հավելեց, որ որքանով իրեն է հայտնի, հնգակողմ հանդիպման ժամանակ Քիշնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առարկություն չի հայտնել 1975 թվականի քարտեզի վերաբերյալ. «Խոսքն այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում և պատրաստակամություն կա շարունակելու աշխատանքները միջազգային ողջ հանրության և Հայաստանի Հանրապետության կողմից։ Մենք կարծում ենք, որ միմյանց տարածքային ամբողջականությունը 1975 թվականի քարտեզով ճանաչելը և դելիմիտացիայի աշխատանքներն այդ հիմքով սկսելը ընդունելի լուծում է ՀՀ-ի համար»,– նշեց Միրզոյանը։

Նա նշեց, որ ըստ իրենց պատկերացման` սահմանազատման հիմք պետք է լինեն ոչ թե այնպիսի փաստաթղթեր և քարտեզներ, որոնք ձեռնտու են այս կամ այն կողմին, այլ որոնք իրավականորեն ամենաանխոցելին են։

Միրզոյանը հավելեց, որ իրեն հայտնի հանդիպումների արդյունքներով` Ալիևը միշտ առարկել է սահմանազատման համար որպես հիմք վերցնել 1975 թվականի քարտեզները, և միայն վերջին` քիշնևյան հանդիպման ժամանակ է, որ ասել է` դեմ չէ։

Հիշեցնենք` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց կա, բայց չեն կարող ասել, որ այդ հարցը վերջնական լուծված է։

Ադրբեջանի ԱԳՆ-ն  այսօր հայտարարել է, թե Բաքուն և Երևանը կոնկրետ քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չունեն։