Իրանական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող անջատողականների բազաներին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ցամաքային զորքերի հրամանատարությունն ուրբաթ օրը հայտարարել է Իրաքյան Քրդստանում անջատողական խմբավորումների բազաների վրա հարձակումների վերսկսման մասին։ ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը հեռարձակել է Al Mayadeen հեռուստաալիքը։

«Անօդաչու թռչող սարքերն օգտագործվել են ուրբաթ օրը անջատողականների դիրքերի վրա գրոհելու համար: Գործողությունն իրականացվել է ահաբեկչական սպառնալիքը վերացնելու նպատակով»,-ասվում է փաստաթղթում։

Ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին զգուշացրել էր, որ «հարևան Իրաքի տարածքը չպետք է ցատկահարթակ ծառայի Իրանի դեմ դիվերսիոն գործողությունների համար»։ Նա Բաղդադին հորդորել է վերջ տալ սահմանամերձ շրջաններում հակաիրանական խմբավորումների ներկայությանը։